Լիոնել Մեսսին հեռացավ «Բարսելոնայից»

Լիոնել Մեսսին հեռացավ «Բարսելոնայից»

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռացել է իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից: Այս մասին հայտնում են թիմի մամուլի ծառայությունից։

Իսպանիայի առաջնության ֆինանսական կանոնների պատճառով ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ չի կարողացել նոր պայմանագիր կնքել։

Նրանք պարզաբանել են, որ կողմերը պատրաստ են նոր համաձայնագիր կնքել, սակայն չեն կարող այն համաձայնեցնել Լա Լիգայի տնտեսական և կառուցվածքային կանոններին:
«Ստեղծված իրավիճակի արդյունքում Մեսսին չի մնա «Բարսելոնայում»: Երկու կողմերն էլ խորապես ափսոսում են, որ խաղացողի և ակումբի ցանկությունները ի վերջո չեն կատարվի: «Բարսելոնան» անկեղծորեն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ակումբի զարգացման գործում ունեցած ավանդի համար և մաղթում նրան ամենայն բարիք անձնական և մասնագիտական ​​կյանքում»,- ասված է հայտարարության մեջ:

34-ամյա արգենտինացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվել է հունիսի 30-ին:

Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա կատալոնական թիմի կազմում նորամուտը նշել է 2004-ի հոկտեմբերին: