Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլին, Վրաստանի կառավարության տարածաշրջանային կապերի վարչության պետ Լերի Բարնաբիշվիլին և Կախեթի շրջանի պետական ներկայացուցիչ Իրակլի Շիոշվիլին աշխատանքային հանդիպում են ունեցել 2021 թվականի խաղողահավաքի համակարգման շտաբում կարկտից վնասված խաղողի ընդունման և վերամշակման վերաբերյալ:
Լեւան Դավիթաշվիլիի խոսքով, աննախադեպ աղետ է արձանագրվել Կախեթիի շրջանի հինգ մունիցիպալիտետներում: Կարկուտը ոչնչացրել է գյուղատնտեսական նշանակության հողերը: Նա ասաց, որ անմիջապես արձագանք եղավ և նշեց, որ համակարգող անձնակազմի կողմից արդեն իսկ կայացվել են կոնկրետ որոշումներ:
«Կառավարության որոշմամբ, կարկտահարված խաղողը չի մնա չհանձնված: Մի քանի վայրերում բացվել են կետեր, որտեղ խաղողագործները մեկ կիլոգրամ վնասված ռքածիթելին կհանձնեն 80 թեթրիով և մեկ կիլոգրամ սափերավին՝ մեկ լարիով: Սա առավելագույն փոխհատուցումն է, որը կստանան մեր ֆերմերները: Պետությունը որպես միանվագ փոխհատուցում կվճարի 3000 լարի այն խաղողագործներին, ում խաղողի բերքն ամբողջությամբ ոչնչացվել է:
Մեզ համար կարևոր է նաև փոխարինել ոչնչացված այգիները, որտեղ մոտակա տարիներին հնարավոր չի լինի բերքահավաք կատարել, և այդ նպատակով «Ներդրիր ապագան» ծրագրի շրջանակում կվերականգնվեն այգիները, տնկիները և ոռոգման համակարգը ամբողջությամբ համաֆինանսավորվելու է: Սա համարժեք պատասխան կլինի այս աղետի պատճառով մեր ֆերմերների կարիքներին»,- ասել է Լեւան Դավիթաշվիլին:
Օգոստոսի 26-ին ուժեղ կարկուտի և քամու հետևանքով վնասվել է 4600 հա խաղողի այգի Կախեթիի շրջանի Ղվարելի, Թելավի և Գուրջաանիի համայնքներում:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունը:1tv.ge