Կարելի է ծառայողական ավտոմեքենա ձեռք բերել, բայց չի կարելի գյուղատնտեսական օգնություն իրականացնե՞լ. Արայիկ Բդոյան

Կարելի է ծառայողական ավտոմեքենա ձեռք բերել, բայց չի կարելի գյուղատնտեսական օգնություն իրականացնե՞լ. Արայիկ Բդոյան

NOR ռադիոկայանը նախընտրական շրջանում բանավեճերի է հրավիրում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների։

Սեպտեմբերի 22-ին NOR-ի տաղավարում էր «Եվրոպական Վրաստան» կուսակցության համամասնական և մեծամասնական ցուցակներով 2-րդ համար Արայիկ Բդոյանը։

Արայիկ Բդոյանը պատասխանելով ռադիոհաղորդավար Արկադի Սիմոնյանի հարցերին, անդրադարձավ նաև 2020 թվականի մայիսի 25-ին Մեծ Գոնդուրա և Դիլիֆ գյուղերում հորդառատ անձրևներից հետո տեղի ունեցած հեղեղներին, որոնք զգալի վնաս էին հասցրել տվյալ գյուղերի ցանքատարածություններին։

Արայիկ Բդոյանը ասաց, որ բնակիչները դիմել են քաղաքապետարան և այնտեղից ստացել են պատասխան, որ կգնան և կուսումնասիրեն վնասի չափը։

«Գնացին տեղում ուսումնասիրեցին, չգիտեմ գնահատեցին թե չէ վնասի չափը և ստացվեց պատասխանը, որտեղ տիկին Անիվարդ Մոսոյանը ներկայացրել է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով բյուջեում նման ֆինանսավորման առկայությունը բացակայում է»,- ասում է Արայիկ Բդոյանը։

Հաղորդավարի այն հարցին թե եթե բյուջեն սպառված էր ինչպես պետք է լուծվեր այս խնդիրը, Արայիկ Բդոյանը ասաց, որ մայիսի 27-ի կապակցությամբ չենք կարող ասել, որ բյուջեն սպառված է, որովհետև բյուջեն ընդունվում է տարեկանով և խոսքը գնում է 6 միլիոն լարիի մասին։

«Բյուջեի կազմման մեջ մենք կարող ենք տեսնել փոխանցիկային մնացորդ, որով ես հստակ հիշում եմ, հայտարարվեց տենդեր` երկու ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար (նկատի ունի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց համար ձեռք բերված ծառայողական մեքենաները) սպիտակ գույնի, «Mitsubishi» մակնիշի, մինչև 100 000 վազք ունեցող ավտոմեքենա։ Դրվեց։ Այսինքն ինչ է դուրս գալիս, բյուջեից ավելացված գումարի հիման վրա կարելի է ծառայողական ավտոմեքենա ձեռք բերել, բայց չի կարելի գյուղատնտեսական օգնություն իրականացնե՞լ»,- ասաց Արայիկ Բդոյանը։

Ինչ վերաբերում է հեղեղումներից տուժած հողատարածքների ապահովագրված չլինելուն, Բդոյանը ասաց, որ եթե ապահովագրված լինեին հողերը, ապա բնակիչները այդ դեպքում կդիմեին ապահովագրական ընկերություն, այլ ոչ թե քաղաքապետարան։ Նրանք դիմել են քաղաքապետարան, որ գոնե այնտեղից ստանային օգնություն։

Մանրամասները՝ տեսանյութում.