Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նկատմամբ «գերմարդկային» իմունիտետ ունեցող մարդկանց

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նկատմամբ «գերմարդկային» իմունիտետ ունեցող մարդկանց

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե ինչպես է հնարավոր ձեռք բերել իմունիտետ, որը կպաշտպանի կորոնավիրուսի բազմաթիվ տեսակների դեմ, գրում է ամերիկյան Daily News թերթը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ որոշ մարդկանց մոտ զարգանում է չափազանց հզոր իմունային պատասխան կորոնավիրուսի դեմ: Բացի այն, որ այդ մարդկանց մարմինը արտադրում է հակամարմինների շատ բարձր մակարդակ, դրանց թվում կան նաև մեծ ճկունությամբ հակամարմիններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կկարողանան պայքարել աշխարհում շրջանառվող կորոնավիրուսի տարբեր տեսակների դեմ:

Գիտնականները նաեւ կարծում են, որ այդ քաղաքացիների իմունիտետը կկարողանա դիմակայել ապագայում ի հայտ եկող հիվանդության այլ տարբերակներին եւս:

Նման հակամարմինները, ըստ գիտնականների, կարող են արտադրվել այն մարդկանց մոտ, ովքեր ենթարկվել են վիրուսի «հիբրիդային» ազդեցության: Նրանք վարակվել են կորոնավիրուսով 2020 թվականին, այնուհետև այս տարի ստացել են mRNA պատվաստանյութեր:

Այնուամենայնիվ, գիտնականները կարծում են, որ դա այնքան էլ պարզ չէ: Այս տեսակի իմունիտետ ստանալու համար նախ պետք է հիվանդանալ COVID-19- ով:

«Բնական վարակներից հետո հակամարմինները զարգանում են և դառնում են ոչ միայն ավելի հզոր, այլև ավելի լայն: Նրանք դառնում են ավելի դիմացկուն վիրուսների մուտացիաների նկատմամբ», – ավելացրել են հետազոտողները:

Հետազոտությունները դեռ շարունակվում են, և մինչ այժմ գիտնականները չեն կարող հարյուր տոկոսանոց երաշխիք տալ, որ նման արդյունքները կլինեն յուրաքանչյուր հիվանդի մոտ, ով պատվաստվել է: