Ռուսաստանը հույս ունի Անդրկովկասում «3+3» ձևաչափի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հնարավորինս շուտ գործարկման, սակայն արևմտյան երկրները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, այդ գործընթացը խոչընդոտելու փորձեր են անում, երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ցանկությունը՝ խանգարել որոշ գործընթացների», – նշել է Զախարովան։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը, փորձելով կանխել բանակցային մեխանիզմի գործարկումը, ապատեղեկատվություն է տարածում՝ Մոսկվային վերագրելով այդ ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը։
Զախարովան հիշեցրել է, որ նման մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
Շաբաթասկզբին Վրաստան այցի ժամանակ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մասնավորապես հայտարարել է․ – «Մինչև որևէ նոր հարթակի մասին խոսելը, Ռուսաստանը, որը բռնակցել է Վրաստանի տարածքի 20 տոկոսը, պետք է կատարի 2008 թվականի հրադադարի պայմանագիրը»։ Փոխանցում է Ազատություն ռադիոկայանը: