Չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի | Սպասվում է նոր սոցիալական ճնշում

Չպատվաստվածների մուտքը Ռուսաստան կարգելվի | Սպասվում է նոր սոցիալական ճնշում

ՀՀ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավարակի դեմ պատվաստվել չցանկացող մեր հայրենակիցների համար, կարծես թե, գալիս է ամենատհաճ պահերից մեկը. հազարավոր մարդիկ չեն կարողանա Հայաստանից դեպի Ռուսաստան գնալ, առանց պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատի:

Երեկ առողջապահության ոլորտի օրաթերթի աղբյուրներից նման վերլուծություն ու տեսակետ են հայտնել: Որպես ասածի վկայություն՝ նշվել է նաեւ այն, որ այս պահին Ռուսաստանը փաստացի «լոքդաունի» մեջ է մեկ շաբաթով, իսկ Մոսկվան անցնում է չորսամսյա հատուկ ռեժիմի: Նման իրավիճակի պատճառը կորոնավարակի տարածման ահագնացող չափերն ու գրանցված մահվան դեպքերի թիվն են: Ճշգրտման համար ասենք, որ խոսքը ոչ թե թեստ տալու եւ քովիդ վարակակիր չլինելը հավաստելու, այլ պատվաստված լինելու մասին է: Օրաթերթին փոխանցեցել են նաեւ, որ խնդիրներից մեկը շարունակում է մնալ պատվաստանյութի հետ կապված ՌԴ-Եվրամիություն հակամարտությունը, ու որ ՌԴ-ն ընդունում է պատվաստանյութերի իր արտադրանքով պատվաստված լինելը, ինչպես նաեւ ԵՄ անդամ երկրները չեն ընդունում ՌԴ-ի արտադրանքի պատվաստանյութով պատվաստված լինելը՝ որպես հարցի վերջնական կարգավորում ու լուծում:

Նման իրավիճակը կյանքի կոչելու դեպքում ՀՀ առողջապահական համակարգը կարող է կանգնել լրջագույն խնդրի առջեւ, այն է՝ հազարավոր մարդիկ միանգամից կգնան պատվաստման, ու կգոյանան հսկայական հերթեր, քանի որ Ռուսաստանում աշխատելը շարունակում է մնալ մեր հազարավոր հայրենակիցների ապրուստի հիմնական, եթե չասենք՝ միակ միջոցը, ու նման սահմանափակումը կարող է սոցիալական լուրջ ցնցումների հանգեցնել:

Թերեւս քաղաքացիներին այլ ելք չի մնում, քան պատվաստվելը, հակառակ դեպքում անգամ արատագնա աշխատանքով հանապազօրյա հացի համար գումար վաստակելը կարող է դառնալ անհնարին։