Այսօր Թբիլիսիի սակրեբուլոյի շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել. «Ժողովրդի համար» կուսակցության նախագահ Աննա Դոլիձեն և նրա կողմնակիցները դեմ են արտահայտվել մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է փետրվարից քաղաքային տրանսպորտում վճարումների աբոնեմենտային համակարգ ստեղծելու մասին քաղաքապետարանի որոշումը։ Արդյունքում 90 րոպեի ընթացքում մետրոյով, ավտոբուսով կամ ֆիքսված տաքսիով ուղևորության նվազագույն ուղեվարձը 50 թեթրիից դառնում է 1 լարի։
Կալաձեն ասել է, որ ուսումնասիրություն է իրականացվել, որը ցույց է տվել, որ հասարակական տրանսպորտի ամենաակտիվ օգտվողներն օրական օգտվում են միջինը երկու տեսակի տրանսպորտից, ինչը նրանց ամսական արժենում է 50-60 լարի։ Բաժանորդագրություն ձեռք բերելու դեպքում նրանք կկարողանան ամսական միջինը 10-20 լարի խնայել։
«Բաժանորդագրությունը սուտ է, քանի որ իրականում հասարակական տրանսպորտը կրկնակի թանկ է։ Տրանսպորտի թանկացումները սահմանած մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես են ապրում Թբիլիսիի սովորական բնակիչները»,- ասել է Դոլիձեն ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում։
Դոլիձեն խոստացել է, որ գների բարձրացման դեմ բողոքի ակցիաները կշարունակվեն ապագայում և հորդորել է Թբիլիսիի բնակիչներին միանալ բողոքի ակցիային։