Վրաստանում առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու տարիքը հնարավոր է փոխվի։ Այս մասին ուսումնասիրություն է անցկացնում խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովը՝ աշխատելով մանկավարժների, հոգեբանների և մեթոդիստների հետ՝ պարզելու՝ թե որն է երեխայի դպրոց հաճախելու լավագույն տարիքը։
Հանձնաժողովի նախագահ Գիորգի Ամիլախվարը նշել է, որ նպատակն է գտնել համապատասխան հիմնավոր ապացույցներ, թե ինչու պիտի երեխան դպրոց ընդունվի մինչև սեպտեմբերի 15-ը՝ 6 տարեկանը լրացած հասակում։
«Այս հարցով շատ կարծիքներ են հնչում, որոշ մասնագետներ կարծում են, թե տարիքը հարկավոր է բարձրացնել, որոշները կողմ են այժմյան օրենքին։ Մեզ համար կարևոր է, որ երեխան դպրոց հաճախի ամենաճիշտ տարիքում։ Եթե որոշում ընդունվի բարձրացնել առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու տարիքային շեմը, ապա պետք է որոշվի, թե որ տարիքը սահմանվի։
Այժմ նաև քննարկվում է այն հարցը, թե որքանով է պատրաստ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը փոփոխության դեպքում ընդունել մեծ թվով առաջին դասարանցիների» — հայտարարել է հանձնաժողովի նախագահը։
Նշենք, որ այս պահին, ըստ օրենքի, Վրաստանում 1-ին դասարանցին ուսումն սկսելու պահին (սեպտեմբերի 15-ին) պետք է լինի 6 տարեկան։ aliq.ge