Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը Վրաստանի կառավարությանը մեղադրել է Ռուսաստանին ներքին կարգով աջակցելու և մաքսանենգությանը չմիջամտելու գործում:
«Միջազգային պատժամիջոցների սահմանման պատճառով Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է ռազմական, երկակի նշանակության և քաղաքացիական ապրանքների մեծ տեսականի մատակարարելու հնարավորությունը։ Պատժամիջոցներից խուսափելու համար ռուս գործակալները մաքսանենգության ուղիներ են ստեղծում, որոնք, մասնավորապես, անցնում են Վրաստանի տարածքով։ Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հանձնարարել է չմիջամտել մաքսանենգների գործունեությանը»,- ասվում է ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է Ուկրաինայի հայտարարությունը՝ կոչելով այն «միանգամայն անհիմն ու անհեթեթ մեղադրանք»։
«Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ ցանկացած տեսակի ապրանք, այդ թվում՝ ռազմական կամ երկակի նշանակության, ինչպես նաև պատժամիջոցների ցանկում նշված ցանկացած ապրանք, ենթակա է մաքսային խիստ հսկողության վրացական իշխանությունների կողմից» — նշված է Վրաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ևս արձագանքել է՝ «բացարձակ սուտ» անվանելով այդ հայտարարությունները։
«Տարածված բացարձակ սուտը, թե իբր Վրաստանն ու Ռուսաստանը գաղտնի բանակցում են, սադրանք է, որի նպատակն է ստվեր գցել Ուկրաինայի և Վրաստանի հարաբերությունների վրա»,- թվիթերյան իր էջում գրել է Կալաձեն:aliq.ge