Այսօր՝ մայիսի 11-ին, Փոկա գյուղի բնակիչները դիմել են Նինոծմինդայի քաղաքապետարան՝ բողոքելով, որ արոտավայրեր տանող ճանապարհը գրավված է։
Ինչպես ասում են բնակիչները, տարեցտարի անասնագլխաքանակի համար արոտավայրերի մակերեսը նվազում է, և անասնապահությամբ այլեւս հնարավոր չէ զբաղվել։ Արոտ տանող ճանապարհն ու անտառային գոտին զբաղեցնում է Փոկա գյուղի բնակիչը։
Բնակիչների համար ապրուստի միակ աղբյուրը գյուղատնտեսությունն է։ «Ի՞նչ անենք, անասնապահությամբ ենք զբաղվում ու հիմա հնարավորություն չունենք անասուններին արոտ քշելու։
Ըստ բնակիչների՝ ամեն տարի գյուղի որոշ բնակիչներ ապօրինի մեծացնում են իրենց տարածքները գյուղական արոտավայրերի և հերկի հաշվին, ինչն էլ իր հերթին կրճատում է արոտավայրերի մակերեսը»։
Հանդիպման ժամանակ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը բնակիչներին բացատրել է, որ այս տարածքը մասնավոր սեփականություն չէ, այս տարածքը պատկանում է անտառտնտեսությանը, և ոչ ոք իրավունք չունի այնտեղ որևէ բան ցանկապատել կամ կառուցել։ Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը խորհուրդ տվեց գրավոր դիմել անտառտնտեսությանը կամ խորհրդարանի պատգամավորներին՝ քայլեր ձեռնարկելու համար։
Այս մասին ավելի մանրամասն մեզ ասացին Փոկա գյուղի բնակիչները։