Սամեբա գյուղի հանրային դպրոցը շարունակում է հեռավար ուսուցումը՝ օձերի պատճառով, որոնք առկա են թե՛ շենքի ներսում, թե՛ տարածքում։
Դպրոցի հեռավար ուսուցման անցնելու փաստին NOR ռադիոկայանը անդրադարձել էր ապրիլի 28-ին։
Ապրիլի 30-ին վրացական «Սանիտար» ախտահանող կազմակերպությունը ախտահանել է Սամեբա գյուղի դպրոցը։
Մեկնաբանության մեջ կազմակերպության ղեկավար Գիորգի Բիբիլաշվիլին ասել է, որ պետք է տեսնեն, թե դպրոցում օձերի ինչ տեսակներ կան և որքանով են դրանք վտանգավոր։ Նախկինում օգտագործված դեղամիջոցը չի գործել։ «Այս անգամ մի քանի դեղամիջոց ենք խառնել, որ ավելի արդյունավետ լինի, որ օձերը երկար չհայտնվեն։ Եվ քանի որ այդ դեղերը քիմիական բաղադրություն ունեն, դպրոցի ներսում ավելի թույլ չափաբաժին ենք օգտագործել՝ մարդկանց չվնասելու համար։ Դպրոցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ օձերը չեն վերացել, և միայն դրանից հետո կարող են սովորականի պես հաճախել դասերին։ Իսկ անհրաժեշտության դեպքում նորից կախտահանենք»։
Տեսնելու համար, թե այսօր ինչ իրավիճակ է Սամեբա գյուղի դպրոցում, NOR ռադիոկայանի լրագրողները կրկին այցելեցին գյուղ։ Պատկերը նույնն էր. Դպրոցը փակ էր, շուրջը շատ օձեր կային։
Տեղում նաև զբոսաշրջիկներ կային, ովքեր ուսումնասիրում և լուսանկարում էին օձերին։ Զբոսաշրջիկները ամուսիններ էին՝ Շվեյցարիայից։ Նրանք Վրաստան են ժամանել զբոսաշրջային նպատակով, երեք շաբաթով։ Հիմնականում թռչուններին են ուսումնասիրում և լուսանկարում: Դպրոցի բակում առկա օձերի մասին պատմել է նրանց վարորդը, ով նաեւ ուղեկցորդ է աշխատում։
Զբոսաշրջիկներ Շվեյցարիայից.
Դպրոցը մոտ մեկ ամիս է, ինչ հեռավար ուսուցման մեջ է, իսկ դեռ որքան կտևի՝ հայտնի չէ։
Ինչպես հեռախոսով մեզ հայտնեց դպրոցի տնօրեն Մզեքալա Մինաձեն, դպրոցի ախտահանման երկրորդ փուլն է լինելու, կտեսնեն, թե ինչ արդյունք կտա։ Իսկ այժմ դասերն անցկացվում են հեռավար կարգով։