Կոնֆլիկտ, որը տարիներ շարունակ լուծում չունի

Կոնֆլիկտ, որը տարիներ շարունակ լուծում չունի

Ամեն տարի մայիս ամսվա կեսերից Վրաստանի տարբեր շրջաններից ակտիվորեն պատրաստվում են ոչխարների տեղաշարժի սեզոնին` դեպի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի ամառային արոտավայրեր, որտեղից աշնանը նորից վերադառնում են հետ: Սովորաբար գործընթացը տևում է մոտավորապես մեկ ամիս: Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները իրենց դժգոհությունն են հայտնում, որ ամեն տարի Կախեթիի, Մառնեուլիի, Սագարեջոյի, Գարդաբանիի եւ այլ շրջաններից իրենց գյուղերով ոչխարներ են տեղափոխում՝ ամեն անգամ գյուղերում տարբեր խնդիրներ առաջացնելով:

Վերոնշյալ խնդրի հետ են առնչվում Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղեր, հիմնականում` Ախալի Խուլգումո (Տամբովկա) գյուղի բնակիչները։

Ոչխարների տեղաշարժը Ախալի Խուլգումո գյուղի միջով

«Օրական միջինում անցնում են 2000 – 4000 ոչխարից բաղկացած 3-4 հոտ, որից հետո սեփականություն հանդիսացող վարելահողերը դառնում են անօգտագործելի։ Տեղափոխման ընթացքում ոչխարները արածում են խոտատարածքները ու վնասում մեր հողերը, որի համար փող ենք ծախսել մշակել եւ հերկել։ Ապրում ենք բարձրադիր վայրերում եւ մեր եկամտի աղբյուրը հիմնականում հանդիսանում է անասնապահությունը։ Կենդանիների տեղափոխումն իրականացվում է գյուղամիջով, փոշի է բարձրանում, անհնար է շնչել, դուրս գալ փողոց, շներն էլ հարձակվում են մարդկանց վրա եւ կծում»,- դժգոհում են գյուղացիները։

Ախալի Խուլգումո գյուղով անցնող ոչխարի հոտը եւ ճանապարհող շները

Բնակիչների խոսքով ոչխարների՝ օրենքով սահմանված երթուղին անցնում է գյուղով, մի մասը՝ նաև բնակիչների բակերով, հարակից տարածքներով եւ տների վրայով։ Ստեղծված խնդիրը լուծելու համար Տամբովկայի բնակիչները առաջարկում են փոխել երթուղին և ոչխարներին ուղղորդել այլ ճանապարհով, որը չի վնասի արոտավայրերը և գյուղերը։

Գյուղ Ախալի Խուլգումո (Տամբովկա)
Ոչխարների հոտի համար օրենքով սահմանված երթուղին, որը անցնում է տների վրայով

Սագարեջոյի ֆերմեր Գելա Կևլիշվիլին ասում է. «Այս ճանապարհով անցնում ենք արդեն ավելի քան 15 տարի։ Մեզ համար նույնպես շատ դժվար է եւ տհաճ գյուղերով անցնելը։ Չգիտենք ինչ անենք, հարկավոր են ցուցանակներ և հստակ նշված ճանապարհ՝ սովորական երթուղով։ Թող այլ երթուղի տան, և մենք կանցնենք այդ ճանապարհով»։

Նինոծմինդայի քաղաքապետարանում Տամբովկա գյուղի ներկայացուցիչ Մասիս Աղայանը մեզ հետ զրույցում ասաց. «Բնակիչները ճիշտ են ասում, որ խնդրում են փոխել երթուղին և ոչխարներին ուղղորդել այլ ճանապարհով։ Գյուղամիջյան ճանապարհը կազմում է մոտավորապես 3 – 4 կմ, մինչեւ ոչխարների հոտը, կովերը եւ բազմաթիվ բաց թողնված շներ անցնում են գյուղի մի ծայրից մյուսը, մեծ վնաս են հասցնում թե’ գյուղին, թե’ արոտավայրերին: Այս մարդիկ նույնպես մեղավոր չեն, քանի որ իրենց երթուղին այդպես է նախատեսված: Մենք դիմել ենք Նինոծմինդայի քաղաքապետարան, այդ հարցին տեղյակ է քաղաքապետը և սակրեբուլոյի նախագահը. նրանք նամակով դիմել են նախարարություն` այդ հարցին լուծում տալու համար, և հիմա այդ գործըթացը գտնվում է սպասողական վիճակում, սպասում ենք որոշմանը»:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ոչխարների տեղաշարժը Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերով եւ բնակիչների դժգոհությունը

Նույն խնդիրը առկա է նաեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիայի գյուղական համայնքում, որի մաս կազմող Հեշտիա գյուղում այդ հարցը մասամբ լուծվել է: Տարիներ առաջ ոչխարների հոտը անցնում էր այդ գյուղի միջով: 3 կմ ճանապարհ անցնելով՝ հասնում և անցնում էր հարեւան Ղաուրմա գյուղի միջով: Բնակիչների բողոքից հետո ոչխարների հոտի երթուղին փոփոխվել է, հիմա այն անցնում է Քաղոն կոչվող սարի վրայով՝ շրջանցելով Հեշտիա գյուղը:

Նախկինում երբ ոչխարների հոտը անցնում էր Հեշտիա գյուղի միջով

Բայց այդ նոր ուղին չի լուծել Ղաուրմա գյուղի բնակիչների խնդիրը: Ոչխարների հոտը տեղաշարժվում է Ղաուրմա գյուղի արոտավայրով՝ հենց այն մասով, որտեղ արածում են գյուղի բնակիչների անասունները և այն դառնում է անասունների համար ոչ պիտանի:

Ղաուրմա գյուղի բնակիչներն այս հարցը լուծելու համար առաջարկում են փոխել ուղին և ուղղորդել ոչխարներին Հեշտիա գյուղի անտառի մոտակայքում գտնվող այլ ճանապարհով, ինչը չի վնասի արոտավայրերին:

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի խոսքով՝ ոչխարների հոտը անցնում է Ուչմանա- Հեշտիա- Ղաուրմա երթուղով:

Ուչմանա-Հեշտիա-Ղաուրմա
Ոչխարների հոտի համար սահմանված երթուղին

«Այդ երթուղով անցնելիս, օրինակ, իրենց հատկացված 100 մ լայնության փոխարեն արածեցնում են 300 կամ 400 մետր լայնությամբ տարածք ինչի պատճառով վնաս են հասցնում տեղի բնակչության արոտավայրերին: Ղաուրմա, Հեշտիա եւ Ուչմանա գյուղերի բնակիչների հետ միասին դիմում ենք ներկայացրել Նինոծմինդայի քաղաքապետարան: Քաղաքապետարան էլ իր հերթին դիմել է համապատասխան մարմիններին, որ հատկացվի նշաններ և քարտեզներ, որպեսզի ոչխարների հոտը շարժվի իրենց հատկացված տարածքով եւ չվնասի հարակից արոտավայրերը», – եզրափակեց Եգոր Քոթոյանը:

Այսպիսով, չնայած խնդիրը լուծելու համար որոշ քայլեր արվում են, բայց դեռեւս պարզ չէ, թե այն ինչպես եւ ինչ ժամկետներում կհանգուցալուծվի:

Կարդացեք նաեւ՝