30 տոննա ծիրանով բեռնատարները կանգնել են Լարսի ճանապարհին

30 տոննա ծիրանով բեռնատարները կանգնել են Լարսի ճանապարհին

Այս տարի հասցրել էինք արտահանել 100 տոննա ծիրան, սակայն նախօրեին մեր 30 տոննա բերքը տանող երկու ավտոմեքենաները կանգնեցրել են վրացական սահմանն անցնելուց հետո: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ագրոտորգ» ընկերության տնօրեն Վադիմ Գորդիենկոն:

«Մեր բեռն արդեն անցել էր Վրաստանի սահմանը, պետք է հասներ Ռուսաստան, բայց երեկ՝ օրվա երկրորդ կեսին, կանգնեցրին մեր երկու բեռնատար ավտոմեքենաները, որոնց մեջ ընդհանուր առմամբ կար 30 տոննա ծիրան: Այս տարի արդեն 100 տոննայից ավել արտահանել էինք, սակայն այժմ ստիպված ենք եղել կանգնեցրել բերքահավաքը, որը հիմա ընթանում էր: Կապի մեջ ենք մեր մյուս գործընկերների հետ, եւ այս խնդիրը համատարած է»,- նշեց Գորդիենկոն:

Արտահանող ընկերության տնօրենի խոսքով՝ եթե խնդիրը 3-4 օրում լուծում ստանա, բեռնատար ավտոմեքենաները կարող են տեղում սպասել, սակայն եթե խնդրի լուծումը ձգձգվի, ապա պետք է ստիպված լինել հետ բերել բերքը եւ չիր պատրաստել:

«Հավանականությունը, որ ծիրանը կարող է օրինակ՝ 10 օր մնալ, քիչ է: Ծիրանները տարբեր մարդկանցից են ձեռք բերված: Գյուղացիներ կան, որոնք նորմալ են իրենց բերքը մշակել, ինչի շնորհիվ իրենք բերքը երկար կդիմանա, բայց մարդ էլ կա, որը սխալ է մշակել, ու հետեւաբար՝ արագ կփչանա: Բայց պետք է հաշվի առնել նաեւ, որ ճանապարհի բացվելուց հետո մեծ քանակությամբ ավտոմեքենաներ են կուտակվելու: Եթե հայտարարեն՝ յոթ օրից ճանապարհը բաց կլինի, դեռ չի նշանակում, որ յոթ օրից մեր բեռը դուրս կգա: Բացի այս՝ շուկայում ամեն օր գնի փոփոխություն է լինում»,-ընդգծեց նա:

Վադիմ Գորդիենկոյի խոսքով՝ իրենք արդեն վնասներ կրել են, քանի որ տեղում են վճարում գյուղացիներին ձեռք բերված բերքի համար, հետվճարային համակարգ չի գործում:

«Ռուսական կողմի հետ համագործակացության դեպքում հնարավոր է, որ տուգանք չվճարենք, քանի որ ըստ մեր պայմանագրի՝ ֆորսմաժարային իրավիճակների դեպքում տուգանքներ չեն մուծվում: Բայց առհասարակ՝ Լարսը ենթակառուցվածքային շատ խնդիրներ ունի: Վրացական կողմի հետ խնդիրների գրեթե չենք բախվում, իսկ Ռուսաստանի կողմից միշտ տարբեր տեսակի խնդիրներ են լինում: Այլընտրանքային ճանապարահը պարտադիր է կամ թեկուզ այլ վերջնական լուծում պետք է լինի»,- ասաց Վադիմ Գորդիենկոն:

Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենը հայտնել է, որ Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի): Վնասված հատվածը 80 կմ է։

NEWS.am-ի հետ զրույցում էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում Լարսի ավտոճանապարհի վրացական եւ ռուսական կողմերի գործընկերների հետ՝ ավտոճանապարհի բացման ուղղությամբ: Ժամկետներ այս պահին հնարավոր չէ նշել: