Հայրը դանակահարել է որդուն. 30-ամյա տղան մահացել է

Հայրը դանակահարել է որդուն. 30-ամյա տղան մահացել է

Հուլիսի 24-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, ով ճանապարհին մահացել է:  

  Մինչ հիվանդանոցում ոստիկանությունը զննում էր քրեական մատյանը, մարզի ոստիկանապետը, Վաղարշապատի ոստիկանապետն ու օպերգծով տեղակալը տաք հետքերով պարզել են մահացածի ինքնությունը, ինչպես նաև պարզել են, թե Գայ գյուղի որ փողոցից են նրան տեղափոխել հիվանդանոց, ապա վերջիններս ժամանել են դեպքի վայր:  

Պարզվել է, որ մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր:    Նշված փողոցում՝ տանը, հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ննջասենյակում՝ անկողնու վրա, նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր և արյունոտ դանակ:     Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով եղել է ոստիկանություն ահազանգած քաղաքացին, որը ոստիկանությանը հայտնել էր, որ գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, սակայն չէր ասել, որ ինքն է հարվածել:   Այնուհետև ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին. նա սպանվածի հայրն է՝ Լևոն Մ.-ն:  

Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի հատկանիշով, հարուցվել է քրեական վարույթ և Լևոն Մ.-ն ձերբակալվել է:   Ոստիկանները հայտնաբերել են նաև Nissan March մակնիշի ավտոմեքենան, որով սպանվածը տեղափոխվել էր հիվանդանոց: Ավտոմեքենայի սրահում և դրսի հատվածներում նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր:   Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մահացածը ունեցել է հոգեկան խնդիրներ, մի քանի անգամ բուժման նպատակով եղել է հոգեբուժարանում, վերջերս է դուրս գրվել, իսկ հայրը գյուղում բնութագրվում է դրական, աշխատավոր մարդ:

Երևի տղան հունից հանել է հորը, ով դիմել է այդ ծայրահեղ քայլին: Գիտենք, որ դանակի մի հարված է հասցրել: Հայրն էլ աստվածապաշտ մարդ է, հաճախակի կարող էիր տեսնել գյուղում՝ իր տան դիմաց կառուցված Սբ. Նշան եկեղեցիում: Հաստատ հորը հունից հանել է»:   © shamshyan.com