Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո գյուղում 27-ամյա կնոջ մահվան կապակցությամբ Tok.Tv-ին առաջին գրավոր մեկնաբանությունն է տրամադրվել Ախալքալաքի «Էվեքս» կլինիկայից։
Մեկնաբանությունը ներկայացնում ենք անփոփոխ.
«Առաջին հերթին ցանկանում ենք մեր խորը վիշտը հայտնել հիվանդի մահվան կապակցությամբ և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին։
Հիվանդը հիվանդանոց է ընդունվել օգոստոսի 6-ին՝ բարդ բժշկական ցուցումով։ Կլինիկա բերվելուց անմիջապես հետո շատ շուտով սրտի կանգ է նկատվել, ինչը կրկնվել է մի քանի անգամ գիշերվա ընթացքում։ Վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի ռիթմը վերականգնվել է, սակայն հիվանդի վիճակը շարունակել է մնալ ծայրահեղ ծանր։ Մի քանի անգամ կանչվել է ուղղորդող խումբ, սակայն հիվանդին չի հաջողվել տեղափոխել անկայուն հեմոդինամիկայի պատճառով։
Համապատասխան պրոֆիլի տեղական և Թբիլիսիի առաջատար մասնագետներից կազմված թիմը ներգրավված է եղել հիվանդի կառավարմամբ։ Չնայած բոլոր կլինիկական միջամտություններին և ինտենսիվ բուժմանը, հիվանդի կենսական պարամետրերը չեն բարելավվել, և, ցավոք, օգոստոսի 7-ին հիվանդը մահացել է։ Կնոջ մահվան պատճառները հայտնի կդառնան հիվանդության պատմության մանրամասն ուսումնասիրությունից հետո։ Մենք ամբողջ սրտով կիսում ենք ընտանիքի ցավը և ևս մեկ անգամ հայտնում մեր խորին վիշտը», – ասված է կլինիկայի մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախալքալաքի «Էվեքս» կլինիկայում այսօր մահացել է Ախալքալաքի շրջանի Խոսպիո գյուղի բնակիչ 27-ամյա մի կին։ Ընտանիքի անդամները հիվանդանոցին մեղադրել են անփութության և անգործության մեջ։
Հանգուցյալի մորաքույրը պատմել է, որ մեկ շաբաթ առաջ Ախալցխայի «Էվեքս» կլինիկայում երիտասարդ կինը ծննդաբերել է ֆիզիոլոգիական ճանապարհով, և չնայած բողոքներին՝ հիվանդին այնուամենայնիվ դուրս են գրել։
Վիճակի վատթարացման պատճառով երիտասարդ կինը երեկ տեղափոխվել էր Ախալքալաքի «Էվեքս» կլինիկա, նա գտնվում էր կոմատոզային վիճակում։ 27- ամյա կինը այսօր մահացել է։