Հոկտեմբերի 16-ին, ժամը 02:00-ի սահմաններում Ախալքալաքում, Աղմաշենեբելի փողոցում, մեքենան վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի։ Ստացված վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի են եղել, նա մահացել է Ախալքալաքի հիվանդանոցում։
Ըստ մահացածին ճանաչողների, երիտասարդը Դադեշ գյուղից էր։ Երբ շտապօգնությունը ժամանել է, տղամարդը դեռ ողջ է եղել, նրան տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց։
Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանի խոսքով, հիվանդը մահացել է հիվանդանոց բերելուց հինգ րոպե անց։
«Բոլոր ներքին օրգանները վնասվել էին, բոլոր ոսկորները կոտրվել էին, նրան փրկել հնարավոր չէր»,- ասաց Ալեքսան Թորոյանը։
Մեր տեղեկություններով, վրաերթի ենթարկված ավտոմեքենայի վարորդը բերման է ենթարկվել, նա վերադառնում էր հիվանդանոցից, որտեղ ծննդաբերության էր տարել հղի կնոջը։
Երիտասարդի մահվան փաստով, Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը» հարուցվել է քրեական գործ։
Սույն հոդվածի 6-րդ կետը ենթադրում է.
«Այս տրանսպորտային միջոցը վարող անձի կողմից երթևեկության անվտանգության կանոնների խախտում կամ ավտոմոբիլային, տրամվայի, տրոլեյբուսի, տրակտորի կամ այլ մեխանիկական տրանսպորտի շահագործում, որի հետևանքով մարդ է մահացել»:
Այս արարքը պատժվում է «ազատազրկմամբ, չորսից յոթ տարի ժամկետով՝ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով»։jnews.ge