Ղարիբաշվիլին կրկին խոստացել է ավելացնել սոցիալական նպաստները

Ղարիբաշվիլին կրկին խոստացել է ավելացնել սոցիալական նպաստները

Մինչեւ տարեվերջ Վրաստանը երկնիշ տնտեսական աճ կունենա, կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ խոստացել, որ դա կազդի սոցիալական նպաստների վրա։

«Կանխատեսված 8,5 տոկոսի փոխարեն 10 տոկոս տնտեսական աճ։ Սա նշանակում է, որ մենք երկու տարի անընդմեջ ունենք երկնիշ տնտեսական աճ, ինչը խելամիտ տնտեսական քաղաքականության արդյունք է»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նրա խոսքով, դրական դինամիկան գնում է բոլոր ուղղություններով՝ արտադրությունից մինչև զբոսաշրջություն, ՀՆԱ-ն կհասնի 80 միլիարդ լարիի, ինչը մեկ շնչի հաշվով կազմում է մոտ 7500 դոլար։
Միաժամանակ, ընդգծել է Ղարիբաշվիլին, իշխանությունները հասել են աղքատության մակարդակի կրճատման, իսկ գործազրկությունը երկրում իջել է պատմական նվազագույնի։

Ընթացիկ տարվա արդյունքները մեզ թույլ են տալիս լավատեսական կանխատեսումներ անել և հաջորդ տարի ծրագրել սոցիալական աջակցության ավելացում, ասել է վարչապետը։

Բյուջեի ճշգրտված նախագիծը խորհրդարան կանցնի նոյեմբերի 30-ին։

Ղարիբաշվիլին մի քանի ծրագրային հայտարարություններ է արել.

  • Սոցիալապես անպաշտպան ընտանիքների երեխաներին վճարումները 2023 թվականի հուլիսի 1-ից 50-ի փոխարեն կկազմեն 200 լարի, դրա համար հատկացվում է 65 մլն լարի
  • Կառավարությունը 50 մլն լարի է հատկացնում ներքին տեղահանվածների համար յոթ հազար բնակարան կառուցելու համար
  • Իշխանությունները կշարունակեն սոցիալապես անապահով անձանց զբաղվածության ծրագիրը՝ ավելացնելով ուսուցման և վերապատրաստման բաղադրիչ
  • Հղիության միանվագ նպաստը մասնավոր հատվածում աշխատողների համար կրկնապատկվում է՝ հասնելով 2000 լարիի
  • Կառավարությունը 2023 թվականին սկսելու է մանկապարտեզների վերականգնման ծրագիր, երկու տարվա ընթացքում նախատեսվում է ծախսել 1,3 միլիարդ լարի (477 միլիոն դոլար) հները վերանորոգելու և նորերը կառուցելու համար։ Խոսքը հանրապետության 885 մանկապարտեզների մասին է։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետը հայտարարել էր նոր տարվանից կենսաթոշակների և բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։