Թմրամոլություն՝ ինչպես բացահայտել և կանխել

Թմրամոլություն՝ ինչպես բացահայտել և կանխել

Թմրաբանների տեղեկություններով՝ Վրաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցողների թիվն ավելանում է։ Ախալքալաքում դեռ տեղեկություններ չկան թմրամիջոցների օգտագործման կոնկրետ դեպքերի մասին, սակայն մտահոգություն կա, որ թմրանյութերը տարածվում երիտասարդների շրջանում։ Jnews-ը զրուցել է նարկոլոգի հետ՝ պարզելու, թե ինչպես կարելի է բացահայտել թմրամոլությունը և ինչպես կարելի է դրա դեմ պայքարել:

Պրոբացիայի ծառայության թմրամիջոցների վերահսկման բաժնի կողմից տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ թմրամիջոցների օգտագործման ամենաքիչ դեպքերը գրանցվել են Սամցխե-Ջավախքում։ Մինչև 18 տարեկան և 60 տարեկանից բարձր անձանց համար թեստավորում չի իրականացվել, թեստավորվել է 12 մարդ, որից 9-ը դրական է եղել։

Գրեթե պարբերաբար հանցագործության մասին հրապարակվող հաղորդումները պարունակում են տեղեկություններ այն մասին, որ թմրավաճառները ձերբակալվել են կամ ինչ-որ քանակության թմրանյութ է ոչնչացվել: Թմրանյութի յուրաքանչյուր գրամի ետևում թաքնված է մարդու, ընտանիքի ողբերգություն։ Անհնար է լիովին վստահ լինել, որ քեզ հարազատ մարդը թմրանյութ է գնել և(կամ) օգտագործել: Թմրաբան Մանանա Կեժևաձեն պատասխանում է այն հարցերին, թե ինչպե՞ս ճանաչել ախտանիշները և ի՞նչ պետք է անեն թմրանյութ օգտագործող մարդկանց հարազատները։

Ինչպե՞ս բացահայտել, որ քեզ հարազատ մարդը թմրանյութ է օգտագործում:

– Երբ խոսքը վերաբերում է թմրամոլության ճանաչմանը, կարևոր է լինել ուշադիր և ուշադրություն դարձնել այն նշաններին, որոնք կարող են վկայել թմրամիջոցների օգտագործման մասին, հատկապես երիտասարդների շրջանում: Հետևեք վարքագծի փոփոխություններին: Կասկածի պատճառները կարող են ներառել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են տրամադրության հանկարծակի տատանումները, դյուրագրգռությունը, ընտանիքից և ընկերներից հեռանալը կամ նախկինում իրենց դուր եկած գործունեության նկատմամբ հետաքրքրության կորուստը: Բացի այդ, ֆիզիկական նշանները, ինչպիսիք են լայնացած կամ փոքրացած բիբերը, կարմիր աչքերը կամ ախորժակի ու քնի ռեժիմի անբացատրելի փոփոխությունները, բոլոր այս նշանները կարող են վկայել թմրամիջոցների օգտագործման մասին: Մենք պետք է զգույշ լինենք նաև նյութական արժեքների կորստից, քանի որ վատ սովորություններով մարդիկ հաճախ իրենց ակտիվությունը պահպանելու համար միջոցների կարիք ունեն։ Վերջապես, թմրամիջոցների օգտագործման հետ կապված իրերի հայտնաբերումը, ինչպիսիք են ներարկիչները, կոտրված շշերը (այսպես կոչված, բուլբուլյատորը) և այլն, անշուշտ տագնապ են առաջացնում:

Ո՞ր թմրամիջոցներն են կախվածություն առաջացնում:

– Թմրամոլությունը կարող է զարգանալ տարբեր նյութերի օգտագործմամբ: Կախվածությունը հաճախ սկսվում է այնպիսի վնասակար նյութերի հաճախակի օգտագործմամբ, ինչպիսիք են ծխախոտը ու ալկոհոլը, և զարգանում է օփիոիդների (հերոին, օփիոիդների դասին պատկանող դեկատոմսով տրվող ցավազրկողներ, ինչպիսիք են օքսիկոդոնը և սինթետիկ օփիոիդները, ինչպես նաև ֆենտանիլը), խթանիչների (կոկաին և մետամֆետամին) և հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի (բենզոդիազեպիններ, ինչպիսին է Քսանաքսը) օգտագործման դեպքում: Վերոնշյալ նյութերից յուրաքանչյուրը կարող է կախվածություն առաջացնել հաճախակի օգտագործման և ժամանակի ընթացքում օգտագործման քանակի ավելացման դեպքում:

Ի՞նչ պետք է անի ծնողը, եթե նկատում է, որ դեռահասը թմրանյութ է օգտագործում։

– Ցանկացած ծնողի համար շատ դժվար է իմանալ, որ իր երեխան թմրանյութ է օգտագործում, բայց շատ կարևոր է, որ ծնողները հոգատարությամբ և աջակցությամբ մոտենան այս իրավիճակին: Կարևոր է, որ նրանք բաց շփվեն իրենց երեխաների հետ, առանց որևէ դատապարտության, արտահայտեն իրենց մտահոգ լինելը նրանց բարեկեցության համար և տեղեկացնեն նրանց, որ պատրաստ են օգնել ամեն կերպ։ Ծնողները պետք է փորձեն հասկանալ իրենց երեխաների թմրամիջոցների օգտագործման հիմքում ընկած պատճառները, քանի որ նյութերի օգտագործումը կարող է կապված լինել սթրեսի, ընկճախտի, տագնապային խանգարումների և(կամ) այլ պատճառների հետ, ինչպիսիք են հասակակիցների ճնշումը:

Կարևոր է հասկանալ, որ մասնագետի օգնությունը շատ կարևոր է և որոշիչ նշանակություն ունի: Թմրաբանների և հոգեբանների միջամտությամբ ծնողները կարող են համապատասխան օգնություն գտնել իրենց երեխաների համար։ Նրանք նաև պետք է մտածեն ամբողջ ընտանիքի ներգրավման մասին թերապիայի կամ աջակցության խմբերում՝ խնդիրը լուծելու համար: Միասին աշխատելը ապահովում է ձեր երեխաներին աջակցելու համար անհրաժեշտ անվտանգ և բարենպաստ միջավայրը:

Անհրաժեշտության դեպքում ծնողները պետք է վերահսկեն իրենց երեխաների գործունեությունը և ընկերական հարաբերությունները՝ կանխելու թմրամիջոցների հետագա օգտագործումը: Հիշե՛ք, որ կախվածությունը բարդ խնդիր է, որը պահանջում է համբերություն և ըմբռնում: Բուժումը կարող է երկար գործընթաց լինել, սակայն բժիշկների աջակցությամբ երեխաները ապաքինվելու ավելի մեծ հնարավորություններ ունեն:

Վրաստանում թմրամոլների թիվն ավելացե՞լ է:

– Ընդհանրապես, երբ խոսքը գնում է քանակական աճ պահանջող հարցերի ճշգրիտ գնահատման մասին, լավագույն ելքն է հիմնվել պաշտոնական վիճակագրական աղբյուրների և հետազոտությունների արդյունքների վրա: Սակայն, դատելով իմ՝ որպես թմրաբանի անձնական դիտարկումներից, կարելի է վստահորեն ասել, որ ժամանակի ընթացքում Վրաստանում ավելանում է վնասակար նյութերից կախվածություն ունեցողների թիվը, և, ցավոք, նվազել է նաև տարիքային շեմը։jnews.ge