Ցիտրուսային մրգեր. ինչո՞վ են դրանք օգտակար

Ցիտրուսային մրգեր. ինչո՞վ են դրանք օգտակար

Շատերը սիրում են ամառը սեզոնային բանջարեղենի ու մրգերի առատության համար, սակայն աշունն ու ձմեռն այս տեսանկյունից պակաս «հարուստ» չեն: Ցիտրուսային մրգերն, օրինակ, հասանելի են ոչ միայն ամռանը, այլեւ այս սեզոնին: Դրանց օգտակար բաղադրիչներն անհրաժեշտ են տարին 12 ամիս, բայց հատկապես ցուրտ եղանակին իմունիտետն ամրապնդելու կարիք է զգացվում՝ կապված սեզոնային հիվանդությունների ակտիվացման հետ:

Ցիտրուսային մրգերի մեջ պարունակվող C վիտամինն օգնում է պայքարել ավիտամինոզի եւ շնչառական հիվանդությունների դեմ, ամրապնդում է իմունիտետը: Ցիտրուսայինները պարունակում են նաեւ А, В1, В2, D, Р, РР վիտամիններ, կալիում, կալցիում, երկաթ, բետա կարոտին, օրգանական թթուներ եւ այլ օգտակար նյութեր: Ցիտրուսային մրգերը նաեւ նպաստում են նյութափոխանակության կարգավորմանն ու խոչընդոտում արյան մեջ խոլեստերինի բարձրացմանը:

Նարինջը ցիտրուսայիններից ամենաօգտակարն է եւ ընդգրկված է աշխարհի ամենահամեղ մրգերի եռյակում: Նարինջը նվազեցնում է Այցհեյմերի հիվանդության հավանականությունը: Դրա հաճախակի օգտագործումը սննդակարգում օգնում է ամրապնդել ոսկրերը, պաշտպանում է նաեւ սիրտ-անոթային հիվանդություններից, իսկ նարնջի մեջ պարունակվող В9 վիտամինը լավացնում է հիշողությունը եւ ուշադրությունը:

Թուրինջն օգնում է ամրապնդել արյունատար անոթները, նաեւ նվազեցնում արյան մեջ շաքարի պարունակությունը: Մաքրում է օրգանիզմը տոքսիններից, շլակներից, օգնում է այրել կալորիաները, այդ իսկ պատճառով թուրինջն ընդգրկված է նիհարեցնող մի շարք սննդակարգերում:

Կիտրոնն անտիսեպտիկ եւ հակասնկային հատկություններով է օժտված: Կարգավորում է հորմոնալ ֆոնն ու երիկամների աշխատանքը: Կիտրոնի հյութն օգտակար է նաեւ ճնշման կտրուկ բարձրացման եւ սակավայրունության, աթերոսկլերոզի դեպքում:

Մանդարինը կանխարգելում է անոթներում թրոմբերի առաջացումը, վերացնում է այտուցները: Այն պարունակում է վիտամին D, որը շատ անհրաժեշտ է ցուրտ եղանակին, հատկապես՝ երեխաների համար:

Լայմը պաշտպանում է ատամները կարիեսից, ամրացնում է էմալը: Օգնում է օրգանիզմին ավելի լավ յուրացնել երկաթը: Դանդաղեցնում է մաշկի ծերացումը: Լայմի հյութը կարելի է կիրառել որպես անտիսեպտիկ եւ հակավիրուսային միջոց: