Ապրիլի 23-24-ը Ախալքալաքում կանանց անվճար հետազոտություն կանցկացվի

Ապրիլի 23-24-ը Ախալքալաքում կանանց անվճար հետազոտություն կանցկացվի

Ապրիլի 23-ին և 24-ին Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բակում հատուկ սկրինինգ-կենտրոնում կանցկացվի կանանց անվճար մամոգրաֆիկ հետազոտություն՝ կրծքագեղձի հիվանդություններն ախտորոշելու նպատակով։ Նախնական գրանցում չի պահանջվում: Հետազոտվել ցանկացող կանայք ապրիլի 23-ին և 24-ին ժամը 10:00-ից կարող են ներկայանալ հիվանդանոցի բակ:

Ռիսկ խումբ են համարվում 40 տարեկանից բարձր կանայք, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օգտվել առիթից և հետազոտվել, եթե կասկածում են, որ ունեն կաթնագեղձերի հետ կապված խնդիրներ, կամ պարզապես ցանկանում են վստահ լինել, որ վերոնշյալի հետ կապված որևէ խնդիր չունեն։

Մամոգրաֆիան հատուկ հետազոտության տեսակ է, որն օգտագործում է ցածր չափաբաժիններով ռենտգենյան համակարգեր` կնոջ կրծքագեղձերը հետազոտելու համար: Մամոգրաֆիկ սկրինինգը, որը հաճախ կոչվում է պարզապես մամոգրաֆիա, օգտագործվում է կանանց կրծքագեղձի հիվանդությունը վաղ փուլերում հայտնաբերելու և ախտորոշելու համար:

Նշենք, որ քաղցկեղի հայտնաբերման և կանխարգելման նպատակով սկրինինգը պետական ​​ծրագիր է։ Թբիլիսիի սկրինինգ կենտրոններում իրականացվում է կաթնագեղձերի և արգանդի անվճար հետազոտություն։ Այս պետական ​​ծրագիրն Ախալքալաքում հասանելի դարձնելու համար սկրինինգային կենտրոնն այստեղ է գալիս։ jnews.ge