Օրոջալարի դպրոցի վերանորոգման համար կրկին մրցույթ է հայտարարվել

Օրոջալարի դպրոցի վերանորոգման համար կրկին մրցույթ է հայտարարվել

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի հանրային դպրոցի վերանորոգման համար կրկին հայտարարվել է մրցույթ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 317 148 լարի, և այն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։

Հիշեցնենք, որ 2026 թվականի ապրիլի 14-ին NOR ռադիոն անդրադարձել էր գյուղի դպրոցի ստեղծված իրավիճակին։ Օրոջալարի բնակիչները հավաքվել էին գյուղի հանրային դպրոցում և դիմել էին NOR-ին՝ խնդրելով լուսաբանել դպրոցի անմխիթար վիճակը։

Օրոջալարի ջրի մեջ խեղդվող դպրոցը. դասարանները լուռ են, կաթիլները՝ խոսում

Նրանց խոսքով՝ դպրոցի վերանորոգման համար նախկինում արդեն հայտարարվել էր մրցույթ, աշխատանքները սկսվել էին, սակայն դադարեցվել և կիսատ էին մնացել։ Այս պահին շենքում որևէ վերանորոգման աշխատանք չի իրականացվում, մինչդեռ դպրոցի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ վատ։

NOR-ը կապ էր հաստատել նաև Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ, ով նշել էր.

«Նոր մրցույթ է հայտարարվելու։ Այս շաբաթվա ընթացքում սպասում ենք գնումների գործակալության թույլտվությանը, որպեսզի հայտարարվի նոր մրցույթ։ Նախորդը չեղարկվել է, և կհայտարարվի նորը՝ աշխատանքներն իրականացնելու համար»։

Հարկ է նշել, որ Օրոջալարի հանրային դպրոցի վերականգնողական աշխատանքների նախագծի նախկին մրցույթի ընդհանուր գնահատված արժեքը՝ 495 247 լարի էր ներառյալ ԱԱՀ-ն։

Ֆինանսավորման աղբյուրը՝ պետական ​​բյուջե՝ 100%: Մրցույթը շահել էր «Էներջի» ՍՊԸ-ն 396 198 լարի գումարով։