Ընդունվել է Օրոջալար գյուղի դպրոցի վերականգնողական աշխատանքների մրցույթը

Ընդունվել է Օրոջալար գյուղի դպրոցի վերականգնողական աշխատանքների մրցույթը

Ընդունվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի հանրային դպրոցի վերականգնողական աշխատանքների մրցույթը։ Մրցույթը հայտարարվել էր ապրիլի 15-ին և ավարտվել մայիսի 13-ին։

Մրցույթի ընդհանուր արժեքը կազմում է 317 148 լարի, որը ֆինանսավորվում է տեղական բյուջեից։ Հաղթող է ճանաչվել անհատ ձեռնարկատեր Իոսեբ Սարաշվիլին, ով ներկայացրել է 293 000 լարիի առաջարկ։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Օրոջալար գյուղի բնակիչները հավաքվել էին գյուղի հանրային դպրոցում և դիմել NOR ռադիոկայանին՝ խնդրելով լուսաբանել դպրոցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նրանց խոսքով՝ դպրոցի վերանորոգման համար նախկինում հայտարարված մրցույթի շրջանակում աշխատանքները սկսվել էին, սակայն կիսատ էին մնացել։ Այդ ընթացքում շենքում վերանորոգման աշխատանքներ չէին իրականացվում, իսկ դպրոցի վիճակը շարունակում էր մնալ ծայրահեղ վատ։

Օրոջալարի ջրի մեջ խեղդվող դպրոցը. դասարանները լուռ են, կաթիլները՝ խոսում

Ներկայումս Օրոջալարի աշակերտները հաճախում են Նինոծմինդայի դպրոցներ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների համար։

NOR-ը ավելի վաղ կապ էր հաստատել Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ, ով նշել էր.

«Նոր մրցույթ է հայտարարվելու։ Այս շաբաթվա ընթացքում սպասում ենք Գնումների գործակալության թույլտվությանը, որպեսզի հայտարարվի նոր մրցույթ։ Նախորդը չեղարկվել է, և կհայտարարվի նորը՝ աշխատանքներն իրականացնելու համար»։

Նշենք, որ Օրոջալարի հանրային դպրոցի վերականգնողական աշխատանքների նախագծի ընդհանուր գնահատված արժեքը՝ 495 247 լարի էր ներառյալ ԱԱՀ-ն։

Ֆինանսավորման աղբյուրը՝ պետական ​​բյուջե՝ 100%: Մրցույթը շահել էր «Էներջի» ՍՊԸ-ն 396 198 լարի գումարով։

Օրոջալարի դպրոցի վերանորոգման համար կրկին մրցույթ է հայտարարվել