
Սուրճի, կանաչ և սև թեյի կանոնավոր օգտագործումը կարող է մեծացնել կյանքի տևողությունը: Նման եզրահանգման է հանգել գիտնականների խումբը՝ մի քանի հեղինակավոր գիտական հետազոտությունների տվյալների վերլուծության հիման վրա, հայտնում է TechInsider-ը:
UK Biobank-ի տվյալներով՝ օրական մեկ-երկու բաժակ սուրճ ըմպող մարդիկ միջինում ունենում են կյանքի ավելի մեծ տևողություն: Ասիական երկրներում անցկացված հետազոտություններն ապացուցել են, որ օրական մինչև հինգ բաժակ այս աշխուժացնող ըմպելիքն օգտագործողների մոտ ցանկացած պատճառով մահվան ռիսկը ցածր է 28%-ով, գրում է Planet Today-ը: Փորձագետներն այդ ազդեցությունը բացատրում են կոֆեինի և պոլիֆենոլների ազդեցությամբ:
Կանաչ թեյը, բացի դրանից, հնարավորություն է տալիս նվազեցնել սիրտ-անոթային և ուռուցքաբանական հիվանդությունների ռիսկերը: Դրա գլխավոր օգտակար բաղադրիչն է համարվում էպիգալոկատեխին գալատը (EGCG): 2025 թվականի մետա-վերլուծությունը համոզիչ կերպով ցույց է տվել, որ այդ միացության կանոնավոր օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը:
Սննդակարգում սև թեյի մշտական առկայությունը նպաստում է զարկերակային ճնշման և «վատ» խոլեստերինի մակարդակի իջեցմանը: Այն միաժամանակ օգնում է դանդաղեցնել տարեց մարդկանց մոտ ճանաչողական ունակությունների վատթարացման տեմպը: Օրական երկու բաժակից ավելի թեյ խմողների մոտ մահացության ռիսկը ցածր է 9–13%-ով:
Օգտակար են նաև բուսական թեյերը: Անանուխի թեյն օգնում է կարգավորել աղիների աշխատանքը, երիցուկինը նպաստում է քնի բարելավմանը, իսկ կարկադեից թեյը որոշ չափով իջեցնում է զարկերակային ճնշումը:
Հետազոտողները հերքել են նաև տարածված կարծիքն այն մասին, թե ըմպելիքներին ավելացված կաթը վնասակար ազդեցություն է ունենում դրանց օգտակար հատկությունների վրա:

