Նինոծմինդայում ջրահեռացման նոր համակարգի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

Նինոծմինդայում ջրահեռացման նոր համակարգի կառուցման համար մրցույթ է հայտարարվել

Նինոծմինդա քաղաքի Պուշկին և Տերյան փողոցներում, ինչպես նաև Ճոճաշենի թաղամասում ջրահեռացման ջրանցքների կառուցման համար հայտարարվել է 328 485 լարիի ընդհանուր արժեքով մրցույթ։

Տենդերը հայտարարվել է օգոստոսի 25-ին, իսկ հայտերի ընդունումը սկսվել է այսօր՝ սեպտեմբերի 4-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին ժամը 16:30-ին։

Աշխատանքների կատարման ժամկետը պայմանագրի կնքումից հետո 112 օրացուցային օր է։

Փաստաթղթերում նշված է, որ գնումը ֆինանսավորվում է երկու աղբյուրից․ գումարի 96,2068%-ը՝ պետական բյուջեից, իսկ 3,7932%-ը՝ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեից։

Նախագծային փաստաթղթի համաձայն՝ նշված հատվածներում ներկայումս ջրահեռացման համակարգ չկա։ Նախատեսվում է կառուցել նոր ջրահեռացման ցանց հավաքվող երկաթբետոնե առուների միջոցով։

Նախագիծը մշակվել է «Բիզնես-ինժեներների միություն» ՍՊԸ-ի կողմից՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի հետ։

Աշխատանքների ընթացքում նախատեսվում է հողի փորում, ավազա-խճային նյութի լցում ու խտացում, ինչպես նաև երկաթբետոնե առուների տեղադրում և դրանց համար բետոնե հիմքի կառուցում։

Հարկ է նշել, որ Նինոծմինդա քաղաքի Ազատություն փողոցում նույնպես ջրահեռացման անցքեր չկան։ Այդ պատճառով հորդառատ անձրևների ժամանակ անձրևաջրերը հոսում են փողոցի երկայնքով մեկ։

Ջրահեռացման համակարգի բացակայությունը խոչընդոտներ է ստեղծում Նինոծմինդայում