Սրտով` բժիշկ, հոգով՝ մարտիկ, կոչումով՝ վիրաբույժ․ Արմեն Նիկողոսյան

Սրտով` բժիշկ, հոգով՝ մարտիկ, կոչումով՝ վիրաբույժ․ Արմեն Նիկողոսյան

Բժշկությունը պարզապես մասնագիտություն չէ․ այն առաքելություն է, որը պահանջում է գիտելիք, համբերություն, անսահման նվիրում և, ամենակարևորը, պատասխանատվություն մարդկային կյանքի հանդեպ։ Այս համոզմամբ է իր մասնագիտական ճանապարհն անցնում ու արդեն երկար տարիներ մարդկանց առողջության վերականգնման համար պայքարում ուռուցքաբան-վիրաբույժ, Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային բաժանմունքի վարիչ Արմեն Հովսեփի Նիկողոսյանը։

Արմեն Նիկողոսյանը ծնվել է 1974 թվականին՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում։ Ավարտելով հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը՝ 1991 թվականին ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։

Բժշկի մասնագիտությունն ընտրելու նրա որոշումը պատահական չէր։ Թեև ընտանիքում բժիշկներ չեն եղել, բժշկության հանդեպ սերն ու հետաքրքրությունը ձևավորվել են դեռ մանկուց։ Արդեն վեցերորդ դասարանում Արմենը հստակ որոշել էր՝ դառնալու է վիրաբույժ։

«Փոքրուց սիրել եմ բժշկի մասնագիտությունը։ Դեռ դպրոցական տարիներին էի որոշել, որ իմ ապագան կապելու եմ բժշկության, մասնավորապես՝ վիրաբուժության հետ։ Եվ այսօր, տարիների փորձից հետո, կարող եմ վստահ ասել՝ եթե կրկին հնարավորություն ունենայի ընտրելու մասնագիտական ուղիս, դարձյալ կընտրեի վիրաբուժությունը»,- ասում է նա։

1998-2000 թվականներին Արմեն Նիկողոսյանն անցել է կլինիկական օրդինատուրա՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ՝ շարունակելով խորացնել իր գիտելիքներն ու գործնական հմտությունները։

2002 թվականին նա աշխատանքի է անցել Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի որովայնային բաժանմունքում՝ որպես որովայնային վիրաբույժ։ Տարիների ընթացքում կուտակած փորձը, մասնագիտական հետևողական աշխատանքն ու պատասխանատվության բարձր զգացումը 2016 թվականին նրան վստահություն են բերել ստանձնելու բաժանմունքի վարիչի պաշտոնը։

Մասնագիտական կատարելագործումը նրա աշխատանքային ուղու անբաժանելի մասն է։ Արմեն Նիկողոսյանն անցել է բազմաթիվ վերապատրաստումներ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Ճապոնիայի առաջատար կլինիկաներում՝ ծանոթանալով ժամանակակից բժշկության մոտեցումներին և հարստացնելով մասնագիտական գիտելիքների ու հմտությունների պաշարը։

Սակայն, ինչպես ինքն է նշում, վիրաբույժի հաջողությունը միայն գիտելիքներով ու տեխնիկական հմտություններով չի պայմանավորված։

«Լավ վիրաբույժ լինելու համար պետք է անսահման սիրես մասնագիտությունդ և անմնացորդ նվիրվես դրան։ Հակառակ դեպքում դժվար է հասնել իրական հաջողության։ Մեր մասնագիտությունը պահանջում է մշտական ինքնակատարելագործում, հոգեբանական ամրություն և մեծ նվիրում» ասում է բժիշկը։

Վիրաբույժի աշխատանքը հաճախ անտեսանելի պայքար է, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է վճռորոշ լինել։ Իսկ ուռուցքաբանական վիրաբուժության մեջ այդ պատասխանատվությունն առավել մեծ է։

Արմեն Նիկողոսյանի խոսքով՝ մասնագիտության ամենադժվար կողմը հենց մարդկային կյանքի հանդեպ ունեցած պատասխանատվությունն է։

«Յուրաքանչյուր հիվանդի վիրահատելիս զգում ես այդ հսկայական պատասխանատվությունը։ Դու պայքարում ես հիվանդության դեմ, պայքարում ես յուրաքանչյուր կյանքի համար։ Եվ այդ պայքարը մեկանգամյա չէ․ այն ամենօրյա աշխատանք է, որը պահանջում է ուժ, համբերություն և հոգեկան ամրություն։ Չնայած բոլոր դժվարություններին՝ երբեք չեմ հիասթափվել իմ ընտրած մասնագիտությունից։ Հակառակը՝ յուրաքանչյուր հաջողված բուժում, յուրաքանչյուր վերականգնված կյանք նոր ուժ ու հավատ է տալիս շարունակելու աշխատանքս»։

Այս խոսքերի մեջ վիրաբույժի մասնագիտական փիլիսոփայությունն է՝ չընկրկել դժվարությունների առաջ, պատասխանատվությամբ մոտենալ յուրաքանչյուր հիվանդին և մշտապես հիշել, որ վիրահատական սեղանին ոչ թե պարզապես հիվանդություն է, այլ մարդ՝ իր կյանքով, ընտանիքով, հույսերով ու սպասումներով։

Չնայած մասնագիտական ծանրաբեռնվածությանը՝ Արմեն Նիկողոսյանը կարևորում է նաև ակտիվ հանգիստն ու առողջ ապրելակերպը։ Ազատ ժամանակ սիրում է զբաղվել սպորտով, մասնավորապես՝ լողով, մեծ թենիսով և ֆուտբոլով։ Երբեմն նախընտրում է նաև միայնակ զբոսանքները, որոնք հնարավորություն են տալիս կտրվել առօրյա հոգսերից և վերագտնել ներքին հանգստությունը։

Տարիների մասնագիտական փորձը նրան համոզել է, որ առողջության պահպանման հարցում ամենակարևոր գործոններից մեկը ժամանակն է։ Այդ պատճառով էլ մարդկանց ուղղված նրա խորհուրդը պարզ է, բայց չափազանց կարևոր.

«Կցանկանայի բոլորին խորհուրդ տալ հոգ տանել սեփական առողջության մասին և ժամանակին դիմել բժշկի։ Կյանքում ամենաթանկ արժեքը առողջությունն է։ Ցավոք, շատերը դրա իրական արժեքը գիտակցում են միայն այն կորցնելուց հետո։ Մինչդեռ ցանկացած հիվանդության բուժման և առողջացման կարևորագույն նախապայմաններից մեկը ժամանակին բժշկին դիմելն է»։

Նրա մասնագիտական ընտրության և ձևավորման գործում մեծ դերակատարություն են ունեցել ծնողները։ Նրանք մշտապես աջակցել և ուղղորդել են նրան դեպի վիրաբուժությունը՝ նպաստելով այս մասնագիտության նկատմամբ հետաքրքրության և սիրո ձևավորմանը։ Ծնողների խորհուրդներն ու աջակցությունը կարևոր նշանակություն են ունեցել նրա մասնագիտական ուղու ընտրության և կայացման գործում։

Արմեն Նիկողոսյանի մասնագիտական ուղին մանկության տարիներին ծնված երազանքի, տարիների հետևողական աշխատանքի և սեփական ընտրությանը հավատարիմ մնալու պատմություն է։ Պատմություն մի մարդու մասին, ով իր մասնագիտության դժվարությունները երբեք չի դիտարկել որպես նահանջելու պատճառ, այլ ընդունել է որպես պատասխանատու առաքելության անբաժանելի մաս։

«Եթե կրկին ընտրելու հնարավորություն ունենայի, դարձյալ կընտրեի վիրաբուժությունը»,- ասում է նա։

Եվ թերևս հենց այս նախադասությունն է լավագույնս բնութագրում բժշկին, ով իր կյանքի ուղին ընտրել է դեռ մանկուց և մինչ օրս հավատարիմ է մնացել իր երազանքին։

Առողջ եղեք և գնահատեք առողջությունը․ այն մեր ամենամեծ հարստությունն է,- եզրափակում է զրույցը բժիշկը։