Վրաստանի վարակաբանները դեմ են սահմանափակումների մեղմացմանը

Վրաստանի վարակաբանները դեմ են սահմանափակումների մեղմացմանը

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնը դեմ է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մեղմացմանը։ Համապատասխան խորհրդատվությունն ուղարկվել է միջգերատեսչական խորհրդին։ Կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն ասել է, որ իրենք ավելի ռադիկալ դիրքորոշման կողմնակից են, որևէ լուրջ թուլացման խորհուրդ իրենք չեն տվել, քանի որ վերջին ամիսներին երկրի առողջապահական համակարգը մեծ ճնշման տակ է, անձնակազմը շատ է հոգնել։ Երկրում դրական դինամիկա կա, ու այդ շանսը բաց թողնել չի կարելի։

Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին, համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով մեծ քաղաքներում փակվեցին առևտրի կենտրոններ ու մթերքի շուկաները, ոչ մթերային խանութների մեծ մասը, չի աշխատում հանրային տրանսպորտը, կրթությունը հեռավար է։ Սպասվում էր, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 2-ը սահմանափակումների մեծ մասը հանվելու էր։

Այսօր արդեն, քանի որ մասնագետները դեմ են արտահայտվել այս ծրագրին, սահմանափակումների մեղմացումը կասկածի տակ է։ Վերջնական որոշումը կլինի դեկտեմբերի 21-ին։ Ըստ համաճարակաբանների` խիստ կարանտինային մեթոդներն արդյունք են տվել. վերջին երկու շաբաթում վարակի օրական ցուցանիշը երկու անգամ կրճատվել է, իսկ ապաքինման ցուցանիշն ավելացել է 86%-ով։ Մահացությունը շարունակում է մնալ բարձ մակարդակի վրա։

Ներկայումս Վրաստանում վարակի 26077 ակտիվ դեպք կա։ 1104 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր։aliq.ge