Ընտանիքը Փարվանա գյուղից ձնաբքի պատճառով հայտնվել է ծանր վիճակում / տեսանյութ

Ընտանիքը Փարվանա գյուղից  ձնաբքի պատճառով հայտնվել է ծանր վիճակում / տեսանյութ

Նինոծմինդայի շրջանի Փարվանա գյուղի բնակիչը դիմել էր NOR -ին՝ լուսաբանելու արդեն երկրորդ օրն է մոլեգնող ձնաբքի հետեւանքների մասին։

Առաքելյանների ընտանիքը երկու օր է՝ մնացել է առանց ջրի ու լույսի, չի կարողանում տանից դուրս գալ, գնալ գոմ ու կերակրել կենդանիներին։

«Ջուր չլինելու պատճառով վառարանի վրա ձյունը պետք է հալենք, որպեսզի խմենք եւ կերակուր պատրաստենք։ Գոմ տանող ճանապարհը խցանված է ձյունով, ձյան պատճառով փլուզվել է անասնագոմի տանիքի մի մասը։ Գյուղում մոտ երկու մետր ձյուն է տեղացել: Չգիտենք, թե ինչպես ենք վաղը դպրոց գնալու»,- ասում է գյուղի բնակիչ Սվետլանա Բուբլիչենկոն։

Ձյան և բքի պատճառով գրեթե ամբողջ գյուղը արգելափակվել է։

Սվետլանա Բուբլիչենկոն քաղաքապետարանի ղեկավարությունից օգնություն է խնդրում ինչպես իր, այնպես էլ ողջ գյուղի համար։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Բուբլիչենկոն, ժամը 15:50-ին էլեկտրաէներգիան վերականգնվել է, սակայն խնդիրը դրանով չի ավարտվում: Վառելիքը վերջացել է, վառարանը տաքացնելու բան չկա։ Ընտանիքը ծանր վիճակում է, Ֆինանսները բավարարում են միայն սննդի համար։