Սաակաշվիլիին հետազոտման համար բանտից մասնավոր կլինիկա են տեղափոխել

Սաակաշվիլիին հետազոտման համար բանտից մասնավոր կլինիկա են տեղափոխել

Հինգշաբթի Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից տեղափոխել է մայրաքաղաքի «Վիվամեդ» կլինիկա՝ բուժզննում անցնելու համար, հաղորդում է «Մտավարի արխի» հեռուստաալիքը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ շտապօգնության ավտոմեքենան, որում գտնվել է Սահակաշվիլին, լուսադեմին դուրս է եկել Ռուսթավի բանտից՝ ուժեղացված ավտոշարասյան ուղեկցությամբ։ Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են նաեւ բուն կլինիկայում, որտեղ հերթապահում են ոստիկաններն ու ուղեկցորդները։ Նախկին նախագահը կհետազոտվի ապա բուժում կանցնի շենքի հինգերորդ հարկում։ Թե որքան ժամանակ է Վրաստանի նախկին ղեկավարը մնալու կլինիկայում եւ ինչ հետազոտություններ է անցնելու, առայժմ չի հաղորդվում:

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն երեքշաբթի հայտարարել էր Սաակաշվիլիին բանտից «Վիվամեդ» կլինիկա տեղափոխելու համաձայնության մասին։

Սաակաշվիլին, ով գաղտնի Վրաստան էր ժամանել անցյալ տարվա հոկտեմբերին մունիցիպալ ընտրությունների նախօրեին, ձերբակալվել եւ տեղափոխվել էր Ռուսթավիի բանտ։ Նա անմիջապես հացադուլ էր հայտարարել՝ իրեն քաղբանտարկյալ անվանելով։ Նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացումից հետո նրան նախ տեղափոխել էին Թբիլիսիի ծայրամասում գտնվող բանտային հիվանդանոց, ապա՝ Գորի քաղաքի հիվանդանոց։ Անցյալ տարվա դեկտեմբերին նա հետ էր տեղափոխվել Ռուսթավիի բանտ։