Գյուղի ամենածանր աշխատանքներից մեկը համարվում է խոտհունձը, որն արդեն մեկնարկել է Նինոծմինդայի շրջանի որոշ գյուղերում:
Նախկինում խոտը հնձում էին ձեռքի գերանդիով, իսկ այսօր գյուղացիների աշխատանքը որոշ չափով թեթեւացել է, մեծ տարածքները հնձում են տրակտորներով իսկ փոքր տարածություները ձեռքի խոտհնձիչով կամ տրիմեր բենզինայինով:
Սովորաբար հունձը սկսվում է ցածրադիր վայրերից եւ մոտակա տարածքներից իսկ մասսայական խոտհունձը կմեկնարկի հուլիսի 25 -ից հետո:
Երիտասարդներից՝ Մկրտիչ Անտոնյանի խոսքով, ձեռքի խոտհնձիչով 1ար չաիրի տարածքը հնձելը, նախկին 4 լարիի փոխարեն այս տարի արժե 5 լարի, իսկ ոչ վարելահողերը (խամի խոտ) հնձելը նախկին 3 լարիի փոխարեն, արժե 4 լարի: Գների փոփոխությունը պայմանավորված է վառելիքի եւ տեխնիկայի մասերի գների բարձրացման հետ:
Բնակիչները դեռեւս չգիտեն, թե որքանով կարելի է գնել խոտի 1 հակը(տուկ), սակայն նրանց նախնական կանխատեսումներով 1 տուկը կարժենա մոտավորապես 8 -10 լարի։
NOR ռադիոկայանի լրագրողը զրուցեց նաեւ տեխնիկաների վարորդների հետ խոտհունձի գների հետ կապված՝ որտեղ պարզ դարձավ, որ անցած տարվա համեմատ այս տարի խոտհունձը կամ տուկ կապելը նույնպես թանկացել է: Տրակտորով 1ար տարածքը հնձելու դեպքում նախկին 80 թեթրիի փոխարեն՝ արժե 1 -ից մինչեւ 1,20 լարի: Խոտհնձիչ կոմբայնով (ժատկա) 1ար տարածքը հնձելու դեպքում նախկին 1 լարիի փոխարեն արժե 1,50 լարի: Անցած տարի 1 տուկը կապելը արժեր 60-70 թեթրի, իսկ այս տարի այն արժե 1 լարի: Վարորդների խոսքով՝ 20լ նավթը արժե 90 եւ ավելի լարի: Եթե վառելիքի գները նորից բարձրանան ապա միեւնույն ժամանակ կբարձրանա հունձի եւ մնացած ամեն ինչի գները:
Բնակիչների խոսքով. «Ժողովուրդը գտնվում է շատ վատ վիճակի մեջ, կան մարդիկ ովքեր ասում են, որ կովը կվաճառեմ բայց արտը չեմ հնձի, որովհետեւ ձեռք չի տալիս: Հնձելը, փոցխելը, տուկ կապելը, բերելը եւ դիզելը, այս ամենի գինը վճարիր՝ վերջում քեզ բան չի մնա, այս պայմաններում դա ձեռընտու չէ: Չնայած, որ այս տարի խոտի պակաս չի զգացվում, խոտը շատ է»:
Նշենք, որ հիմնականում դիզվառելիքը վերջին ամիսների ընթացքում թանկանում է։
Հուլիսի 14 -ի տվյալները ներկայացնում ենք ստորեւ՝
Դիզել – «Վիսոլում»՝ 4,57 լարի, «Շևրոնում»՝ 4,57 լարի, «Լուկ Օյլում»՝ 4,60 լարի
Եվրո Դիզել – «Վիսոլում» – 4,84 լարի, «Լուկ Օյլում»՝ 4,70 լարի
Կարդացեք նաեւ՝