Նինոծմինդայից դեպի Հեշտիա տանող ասֆալտապատ ճանապարհը տեղ-տեղ շարքից դուրս է եկել եւ ունի վերանորոգման կարիք:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա – Հեշտիա ճանապարհի ասֆալտապատումը մեկնարկել էր 2015 թվակնին, որտեղ երեք տարիների ընթացքում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից ասֆալտապատվել էր 3500 մետր ճանապարհ: Իսկ 2019 թվականին ասֆալտապատվել էր ավելի քան 4կմ ճանապարհ: Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի ասֆալտապատման ընդհանուր գործընթացը ավարտվել էր 2019 թվականի հուլիս ամսին:
Նշենք, որ արդեն երկրորդ տարին է ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Հեշտիայից դեպի Թորիա եւ Ուչմանա գյուղեր տանող ճանապարհներին, ինչն էլ հանդիսանում է Նինոծմինդա – Հեշտիա ճանապարհի քանդվելու հիմնական պատճառներից մեկը, քանի որ ծանր տեխնիկաները՝ ասֆալտ, խիճ են տեղափոխում վերոնշյալ ճանապարհով:
Հարցին, արդյոք նախատեսվում է վերանորոգման աշխատանքներ Նինոծմինդա – Հեշտիա ճանապարհին, Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Նինոծմինդայից Հեշտիա տանող ճանապարհի ասֆալտապատումն իրականացրած ընկերությունները այլևս պատասխանատու չեն ճանապարհի համար պարտավորությունների ժամկետի սպառման պատճառով: Ուստի մենք դիմել ենք ներկայումս Թորիա եւ Ուչմանա ճանապարհները ասֆալտապատող «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությանը, որպեսզի իրենց ծանր տեխնիկայի հետեւանքով քանդված ասֆալտը վերանորոգեն: Նրանք համաձայնվել են Թորիա եւ Ուչմանա ճանապարհի ասֆալտապատումն ավարտելուց հետո վերանորոգել այն։ Ամեն դեպքում նամակով դիմել ենք նաեւ Նինոծմինդայի քաղաքապետարան, որ, եթե վերոնշյալ ընկերությունը չվերանորոգի քանդված ասֆալտը, ապա Նինոծմինդայի ճանապարհների քանդված մասերի վերականգման համար բյուջեից նախատեսված գումարներով իրականացնել այդ աշխատանքները»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝