Երաշտը վերջին կես դարում աշխարհում 650 հազար մարդու մահվան պատճառ է դարձել, երկրի ավելի քան 577 հազար բնակիչներ զոհվել են փոթորիկների ժամանակ: Այս տվյալները հրապարակել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատությունն է:
«10 խոշորագույն աղետներից վերջին 50 տարվա ընթացքում ամենամեծ թվով մահերի են հանգեցրել երաշտները (650 հազար զոհ), փոթորիկները (577 232), ջրհեղեղները (58 700) և էքստրեմալ ջերմաստիճանները (55 736)»,- նշել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը՝ վկայակոչելով այն տեղեկությունները, որոնք կարտացոլվեն սեպտեմբերին թողարկվելիք կլիմայի, եղանակի և ջրի հետ կապված մահացության և տնտեսական վնասի մասին (1970-2019 թթ.) զեկույցում:
Ինչ վերաբերում է աղետի պատճառած տնտեսական վնասին, ապա առաջին տասնյակում տեղ են գտել փոթորիկները (521 մլրդ դոլար) և ջրհեղեղները (115 մլրդ դոլար): Կլիմայի, եղանակի և ջրի հետ կապված աղետները բոլոր մահերի 45 տոկոսի և աղետների հետ կապված ընդհանուր տնտեսական վնասի 74 տոկոսի պատճառ են դարձել:
Տաքացող մթնոլորտն ավելի շատ խոնավություն է պահպանում, ինչը հանգեցնում է փոթորիկների ժամանակ տեղումների ավելացմանը և մեծացնում է հեղեղումների վտանգը, արձանագրել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ղեկավարը: 1in.am