Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղը ունի տարբեր խնդիրներ:
Սաթխա գյուղի բնակիչ Արմեն Ղափոյանը մեզ հետ զրույցում հիմնականում խոսեց սպորտդահլիճի անմխիթար վիճակի մասին, որը կից է դպրոցին, եւ գյուղում ջրի բացակայության մասին:
«Սաթխայի սպորտդահլիճը դպրոցին կից է, որտեղ կատարել են ներքին հարդարման աշխատանքներ, բայց կատարված աշխատանքները անորակ դուրս եկան: Դահլիճը արդեն 10 տարի է գտնվում է անմխիթար վիճակում, ոչ աշակերտներն են զբաղվում, ոչ էլ երիտասարդները: Այսօրվա դրությամբ երիտասարդները հեռախոսներով են զբաղվում, ֆուտբոլը նայում են հեռախոսներով, իսկ եթե վերանորոգեն սպորտդահլիճը երիտասարդները՝ առողջ ապրելակերպ կվարեն: Գյուղում մինի ֆուտբոլի դաշտը սարքեցին՝ քանդվեց: Գյուղի հիմնական խնդիրներից մեկն էլ հանդիսանում է ջուրը: Ամռան սեզոնին ընդհանրապես ջուր չունենք: Բարձրադիր վայրերում ապրող բնակիչներին ջուր չի հասնում: Ժողովուրդն էլ առանց ջրի ինչ կարող է անել»,- նշեց Արմենը:
Ինչպիսի լուծում է տրվելու վերոնշյալ խնդիրներին, Սաթխայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Անդրանիկ Ծառուկյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց. «Ինչ վերաբերվում է սպորտդահլիճին, ես ներկայացրել եմ այդ խնդիրը քաղաքապետարան եւ հիմա մրցույթ է հայտարարվել՝ 35 000 լարի դահլիճը վերանորոգելու համար: Ինչ վերաբերվում է ջրի խնդրին բնակիչները ամռանը խմելու ջուրը օգտագործում են ոռոգման համար, այդ պատճառով մեծ մասը մնում են առանց ջրի»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.