Վարակաբանը՝ հասարակական վայրերում «կանաչ անձնագրերով» մուտքի թույլտվության մասին

Վարակաբանը՝ հասարակական վայրերում «կանաչ անձնագրերով» մուտքի թույլտվության մասին

Վրաստանի  հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն անդրադարձել է պատվաստումների դինամիկային` մեջբերելով այլ երկրների փորձը։

«Որոշ երկրներում գործում է հասարակական վայրերում «կանաչ անձնագրերով» մուտքի թույլտվության համակարգը։ Մեզ մոտ այս մեխանիզմի վրա աշխատանքն ավարտվում է, մի քանի նոր նախագծեր են մշակվում՝ դեկտեմբերի վերջին պատվաստման 60% ցուցանիշը գերազանցելու նպատակով», -ասել է Գամկղրելիձեն:

Վարակաբանի հաղորդմամբ, պատվաստող անձնակազմերի հետ նախատեսում են այցելել գյուղեր և բնակիչների շրջանում անցկացնել իրազեկող զրույցներ ու պատվաստում։

«Այսօրվա տվյալներով, չափահաս բնակչության 27․9%-ն է երկու չափաբաժնով պատվաստված։ Օգոստոսին ու սեպտեմբերի սկզբին բավականին լավ տեմպով ընթացավ պատվաստման գործընթացը, օրական միջինում 23 000 մարդ էր պատվաստվում։ Մինչդեռ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում պատվաստման գործընթացը դանդաղել է, ինչը լավ չէ։

Սակայն կառավարության հետ աշխատում ենք այս ուղղությամբ։ Կարևոր է, որ դպրոցների անձնակազմի 80-90 տոկոսը լինի  պատվաստված, դպրոցների տնօրենները պիտի հորդորեն ծնողներին ևս պատվաստվել»,-նշել է Գամկղրելիձեն։ aliq.ge