Նինոծմինդայի շրջանի որոշ ճանապարհներին առկա մերկասառույցը դժվարացնում է երթեւեկությունը

Նինոծմինդայի շրջանի որոշ ճանապարհներին առկա մերկասառույցը դժվարացնում է երթեւեկությունը

Դեկտեմբերի 1 -ին տեղացած ձյան պատճառով, այսօր՝ ժամը 14։00 -ի սահմաններում Հեշտիայի գյուղական համայնք տանող, ինչպես նաեւ դեպի Հայաստան տանող կենտրոնական ճանապարհը պատված էր մերկասառույցով:

Նինոծմինդա քաղաքից Հեշտիա տանող ճանապարհը մերկասառույցի պատճառով վտանգավոր է երթեւեկության համար, վարորդների խոսքով՝ միայն մշակվել է երկաթգծի կամուրջի մոտ, իսկ մնացած մասը նման է հայելու:

Մենք հեռախոսազրույց ունեցանք შპს დაროჭნიკ ընկերության (ով զբաղվում է ճանապարհների մաքրման, ավազով մշակման եւ աղապատման գործերով) ժամանակավոր պատասխանատու Հովհաննես Փութուլյանի հետ, նրա խոսքով. «Գիտեք ինչպես է գյուղերի ներկայացուցիչները պետք է տեղյակ պահեն իրենց վերադասին, վերջինս էլ մեզ ու մենք տեղեկություն ստանալով կմշակենք կամ կմաքրենք ճանապարհները: Մենք ավազով եւ աղով մշակել ենք այն ճանապարհները որտեղից ստացել ենք ահազանգ: Մշակել ենք դեպի Փոքր Խանչալի տանող ճանապարհահատվածը, Հեշտիա տանող երկաթգծի վրա կառուցված կամուրջը եւ դեպի Թորիա տանող ճանապարհի մի մասը»:

Հիշեցնենք, որ դեպի սահման տանող կենտրոնական ճանապարհը նույնպես տեղ- տեղ պատված է մերկասառույցով:

Կոչ ենք անում վարորդներին երթեւեկել առավել զգուշությամբ եւ ձմեռային անվադողերով:

Նշենք, որ Նինոծմինդայում ավտոճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: