Գորելովկայի մինի մարզադաշտը ունի վերանորոգման կարիք

Գորելովկայի մինի մարզադաշտը ունի վերանորոգման կարիք

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղի մինի մարզադաշտը, որտեղ երիտասարդներն իրենց ազատ ժամանակն անցկացնում են ֆուտբոլ խաղալով, գտնվում է անմխիթար վիճակում:

Բնակիչների խոսքով, մարզադաշտը կառուցվել է 3-4 տարի առաջ, սակայն մարզադաշտը արդեն շարքից դուրս է եկել։ Խաղադաշտի ցանկապատը տեղ – տեղ սկսել է քանդվել, պատառոտվել եւ ջարդվել են ֆուտբոլի ու բասկետբոլի համար նախատեսված ցանցերը ։ Լավ կլիներ, որ գոնե որոշ չափով վերանորոգվեր:

Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից, այս տարի Գորելովկայի մարզադաշտի համար վերականգնողական աշխատանքներ նախատեսված չեն։ Իսկ արդյոք մինի մարզադաշտի վերանորոգումը ներառվելու է 2023 թվականի բյուջեում, պարզ կլինի բյուջեի հաստատումից հետո։

Նշենք նաեւ՝ որ խաղադաշտում առկա են տարբեր տեսակի թափոններ` շշերի եւ պոլիէթիլենային տոպրակների տեսքով: Մարդի՛կ եկեք հոգ տանենք մեզ շրջապատող միջավայրի, բնության եւ առկա ենթակառուցվածքների մասին: