Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների բնակիչները տեղում հեմոդիալիզի կենտրոն չունենալու պատճառով ստիպված են գնալ Ախալցխա, ինչը մեծ դժվարություն է նրանց համար։ Իսկ դա բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա։
Նինոծմինդայից և Ախալքալաքից երիկամային անբավարարությամբ մոտ 45 անձ շաբաթական երեք օր մեկուկես ժամ ճանապարհ են կտրում Ախալցխա հասնելու համար, իսկ հետո 4 ժամյա դիալիզ անցնելուց հետո վերադառնում են տուն։
Նրանց միակ խնդրանքը Ախալքալաքում հեմոդիալիզի կենտրոն բացելն է։
Հարություն Սիմոնյանն արդեն երկու տարի է, ինչ գնում է Ախալցխա՝ դիալիզ անցնելու։ «Մենք հիվանդ, թույլ մարդիկ ենք, ամենաշատը 20 կիլոմետր պետք է անցնենք, բայց ուզենք թե չուզենք 200 կիլոմետր ենք անցնում։ Երկար ճանապարհորդությունից հետո մենք մեզ վատ ենք զգում, իսկ չորս ժամ դիալիզից հետո էլ ավելի ենք թուլանում։ Հարբածի պես հասնում ենք տուն, վարորդը հազիվ է մեզ տուն հասցնում։ Այդ վիճակում մենք կորցնում ենք մեր ախորժակը, մենք ոչինչ չենք ուզում ուտել: Լավ կլիներ, որ Ախալքալաքում հեմոդիալիզի կենտրոն բացվեր. Սա մեզ համար ավելի հեշտ կդարձներ։ Անցյալ տարի խոստացել էին, որ Ախալքալաքում կենտրոն կբացվի, բայց մինչ օրս ոչ մի գործողություն չի եղել»,- ասում է Հարություն Սիմոնյանը։
Հարություն Սիմոնյանոնի խոսքով՝ ինքը շաբաթը երեք անգամ դիալիզի է գնում Ախալցխա, ամեն անգամ տաքսի են վարձում ու վճարում 30-35 լարի։ Դիալիզն անվճար է, բայց դեղերը վճարովի են։ Դիալիզի ենթարկվողները Նինոծմինդայի քաղաքապետարանի սոցիալական փաթեթից ստանում են միանվագ օգնություն՝ 2000 լարիի չափով։ Գումարի կեսը ստացվում է առաջին եռամսյակում, իսկ կեսը՝ երկրորդում։ Նախորդ տարի սոցփաթեթից օգտվել է 17 մարդ։
Հարություն Սիմոնյանը որպես առաջին խմբի հաշմանդամ ստանում է օգնություն և թոշակ, սակայն այս գումարը դեռ բավարար չէ։ Նա կարող է օգտվել նաև դեղերի պետական ծրագրից, սակայն ասում է, որ այն դեղերը, որոնք ներառված են այս ծրագրում, իրեն չեն օգնում։ Նա այլ դեղամիջոցներ է ընդունում։
Իսկ բոլոր նրանք, ովքեր Հարությունի հետ միասին դիալիզի են գնում Ախալցխա, խնդրում են քաղաքապետարանների ղեկավարությանը ուշադրություն դարձնել սրա վրա եւ միջոցներ ձեռնարկել։
Ախալքալաքում պետք է բացվեր հեմոդիալիզի կենտրոն, որպեսզի երիկամային սուր և քրոնիկ անբավարարությամբ հիվանդները շաբաթը 3 անգամ չգնային Ախալցխա՝ հեմոդիալիզ անցնելու համար, բայց ինչ-ինչ պատճառներով մինչ այսօր դրանք չեն բացվել։
Պարզելու համար, թե այս տարի նախատեսում են հեմոդիալիզի կենտրոն բացել, զանգահարեցինք Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսանդր Թորոյանին։ Ինչպես նա պատասխանեց, 10 օրվա ընթացքում պարզ կլինի, թե երբ կբացվի կենտրոնը։