«Օգնություն գյուղին» ծրագիրը հանդիպեցրեց Հեշտիայի թեմի բնակիչներին եւ Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչներին

«Օգնություն գյուղին» ծրագիրը հանդիպեցրեց Հեշտիայի թեմի բնակիչներին եւ Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչներին

2024 թվականի հունվարի 30-ին, Հեշտիայի գյուղական համայնքում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ բնակիչների եւ Նինոծմինդայի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումը։

Բնակիչների որոշմամբ, թե ինչ աշխատանքներ են տարվելու եւ ինչքան գումար է նախատեսվել դրանց իրականացման համար, ներկայացնում ենք ստորեւ:

  • Ղաուրմա գյուղում 2023 թվականին կառուցվել է մանկական խաղահրապարակ: Այս տարի նախատեսված է 12 000 լարի գումար և այն պետք է օգտագործվի խմելու ջրի ցանցի փոփոխման ու անցկացման համար։
  • Թորիա գյուղում 2020 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հիմք էր դրվել մարզադահլիճի կառուցմանը, 2022 թվականին շարունակվել էր հիմք դրված սպորտդահլիճի կառուցումը, որի գումարը կազմել էր 16 000 լարի: 2023 թվականին տրամադրվող 16 000 լարի գումարը նույնպես հատկացվել է դահլիճի կառուցման համար։ Թորիա գյուղում բնակիչների որոշմամբ այս տարի կառուցվելու է մանկական խաղահրապարակ:
  • Ուչմանա գյուղում 2021 թվականին հիմք էր դրվել նոր սպորտդահլիճի կառուցմանը: 2022 թվականին շարունակվել էր սպորտդահլիճի շինարարության 2 -րդ փուլը, որի գումարը կազմել էր 12 000 լարի: 2023 թվականին նույնպես 12 000 լարի գումարը հատկացվել էր սպորտդահլիճի կառուցուման շարունակության համար: Այս տարի բնակիչների որոշմամբ արարողությունների տանը անցկացվելու է ջեռուցում։
  • 2023 թվականին Հեշտիա գյուղում նախատեսված 20 000 լարի գումարը տրամադրվել է գիշերային լուսավորության անցկացման համար։ Այս տարի բնակիչների որոշմամբ 20 000 լարիից 5000 լարին պետք է ներդրվի խմելու ջրի ջրամբարի ցանկապատման ու բարեկարգմանը։ Իսկ մնացած 15 000 լարին կտրամադրվի խոշոր եղջերավոր կենդանիների ֆերմայի կտուրի արդեն 2 -րդ փուլի կառուցման աշխատանքների շարունակության համար։

Թորիայի բնակիչներից մեկի խոսքով. «Բնակիչների որոշմամբ այս տարի տրամադրվող 16 000 լարի գումարը կհատկացվի մանկական խաղահրապարակի կառուցման համար։ Չնայած նրան, որ գյուղական ծրագրի գումարը արդեն մի քանի տարի է տրամադրվում է գյուղում սպորտդահլիճի կառուցման համար, այնուամենայնիվ այն դեռևս շատ աշխատանք է պահանջում։ Այդ պատճառով ինչքան գիտենք այս տարի մոտ 280 000 լարի գումար տեղական բյուջեից պետք է փոխանցեն, որպեսզի կարողանանք այս տարի ավարտին հասցնել դահլիճի կառուցումը։ Թե որքանով է դա ճշգրիտ, ոչինչ ասել չենք կարող»։

Ուչմանայի բնակիչները իրենց դժգոհությունը հայտնեցին 2021 թվականին «Օգնություն գյուղին» ծրագրով հիմք դրված նոր սպորտդահլիճի կառուցման աշխատանքների վերաբերյալ։

«Արդեն 4 տարի է սպորտդահլիճ են կառուցում, բետոն են լցնում գումարը վերջանում է և այդ ամենը անարդյունք։ Այս տարի որոշեցինք արարողությունների տանը անցկացնել ջեռուցում։ Իսկ սպորտդահլիճի համար քաղաքապետարանի ներկայացուցիչները նշեցին, որ հնարավոր է տեղական բյուջեից տրամադրվի գումար կառուցման աշխատանքները շարունակելու համար»։

Այս հարցերի շուրջ զրուցեցինք նաև Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ՝ Եգոր Քոթոյանի հետ։

Մանրամասները՝ ձայնագրությունում․

Radio NOR · «Օգնություն գյուղին» ծրագիրը և Հեշտիայի գյուղական համայնքում առկա խնդիրները

Վերոնշյալ հարցերի համար դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն ճշտելու համար, թե արդյոք այս տարի նախատեսվում է Թորիա և Ուչմանա գյուղերում շարունակել սպորտդահլիճների կառուցումը:

Ենթակառուցվածքների ծառայությունից պատասխանեցին, Թորիայի սպորտդահլիճի համար նախատեսված է 285 000 լարի գումար և այն ուղարկված է մրցույթի։ Իսկ ինչ վերաբերվում է Ուչմանա գյուղին, դեռևս ոչինչ նախատեսված չէ։

Կարդացեք նաև՝