Աշակերտները երեք օր է դպրոց չեն գնում․ Դպրոցի շուրջ բողոքը հասավ Փ․ Խանչալի

Աշակերտները երեք օր է դպրոց չեն գնում․ Դպրոցի շուրջ բողոքը հասավ Փ․ Խանչալի

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղի բնակիչները դիմել են NOR ռադիոկայանին՝ գյուղի դպրոցի փակման, չվերանորոգվելու և չվերաբացվելու վերաբերյալ իրենց բողոքը ներկայացնելու համար։

Գյուղի բնակիչների և աշակերտների ծնողների խոսքով՝ ուսումնական տարին սկսվել է արդեն երեք օր առաջ, սակայն Փոքր Խանչալիի աշակերտները դպրոց չեն հաճախում, քանի որ Նինոծմինդա քաղաք տեղափոխվելու համար անհրաժեշտ տրանսպորտի հարցը դեռևս վերջնականապես լուծված չէ։

Ծնողները դեմ են երեխաներին Նինոծմինդայի դպրոց ուղարկելուն և պահանջում են վերաբացել գյուղի դպրոցը։ Նրանք նշում են, որ գյուղից քաղաք ճանապարհը երկար է, երեխաները ճանապարհին հոգնում են, իսկ ձմռան ամիսներին խնդիրը ավելի է բարդանում, քանի որ Փոքր Խանչալին բարձրադիր գոտում է գտնվում, և ձյան ու ճանապարհների փակ լինելու դեպքում դպրոց հասնելը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ։

Բնակիչները մեր նկարահանումների ժամանակ հանդիպման էին հրավիրել նաև Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչներին՝ իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու և հնարավոր լուծումներ քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էր Ռեսուրս կենտրոնի ղեկավար Դավիթ Զեդգինիձեն, ով լսեց բնակիչների և ծնողների բողոքները։

Դավիթ Զեդգինիձեի խոսքով՝ Փոքր Խանչալիի դպրոցը փակվել է շենքի վթարային վիճակի պատճառով։ Նա բնակիչներին առաջարկեց քննարկել մի քանի տարբերակ՝ դասերն առցանց կազմակերպել, գյուղում համապատասխան տարածք կամ տուն վարձակալել և այնտեղ կազմակերպել ուսումնական գործընթացը, կամ էլ երեխաներին տեղափոխել Նինոծմինդա քաղաքի դպրոցներ։

Սակայն բնակիչները չեն համաձայնում առաջարկվող տարբերակներին և պահանջում են, որպեսզի իրենց երեխաները շարունակեն կրթությունը հենց գյուղում։ Ծնողները նշում են, որ պատրաստ են ստորագրություններով հաստատել իրենց համաձայնությունը՝ երեխաներին գյուղի դպրոց ուղարկելու վերաբերյալ, նույնիսկ եթե շենքը համարվում է վթարային։

Ծնողները նաև բարձրացնում են տրանսպորտի և դասաժամերի հետ կապված հարցերը։ Նրանց խոսքով՝ այս պահի դրությամբ դեռ հստակ որոշված չէ, թե ինչ տրանսպորտով են երեխաները տեղափոխվելու Նինոծմինդա։ Բացի այդ, ծնողները դժգոհում են, որ երեխաները դպրոց են հասնում ժամը 14:00-ի սահմաններում, իսկ ծանր ուսումնական ծրագիրը 30 րոպե տևողությամբ դասաժամերի ընթացքում լիարժեք յուրացնելը դժվար է։

Փոքր Խանչալիի բնակիչները պահանջում են, որպեսզի պատասխանատու կառույցները հաշվի առնեն իրենց դիրքորոշումը և հնարավորինս արագ գտնեն լուծում, որը հնարավորություն կտա գյուղի երեխաներին կրթությունը շարունակել իրենց գյուղում։

Երկար հարց ու պատասխանից հետո բնակիչները վճռական նշեցին, մինչև գյուղի դպրոցի շենքը չբացվի, երեխաներին ոչ մի տեղ չեն ուղարկելու։ Այդ կերպ բոյկոտելով բողոքի ակցիան՝ հեռացան։ NOR ռադիոկայանը հարց ուղղեց Զեդգինիձեին, թե ինչու սեպտեմբերի 15-ից մինչև այսօր տրանսպորտ չեն ուղարկել։ Նա նշեց, որ այս հարցի ուղղությամբ տարվում են աշխատանքներ։ Մեր կրկնակի հարցին, թե ինչու այս օրերին տրանսպորտ չի եղել, ռեսուրս կենտրօնի ղեկավարը չպատասխանեց:

Նշենք, որ անցած տարվա սեպտեմբեր ամսից Փոքր Խանչալիի աշակերտները իրենց դասապրոցեսը անցկացնելու համար հաճախում են Նինոծմինդայի թիվ 1 դպրոց։

Ընդգծենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերում դպրոցների շենքերը շարունակում են փակ մնալ։ Ժդանովականի, Կաթնատուի, Ղուլալիսի, Փոքր Խանչալիի, Փարվանայի և Գորելովկայի դպրոցների շենքերը փակ են վթարային վիճակի պատճառով։

Հավելենք, որ այն գյուղերում, որտեղ փակ են դպրոցի շենքերը, աշակերտների ուսուցումը կազմակերպվում է տարբեր պայմաններում։ Որոշ գյուղերի երեխաներ հաճախում են հարևան բնակավայրերի դպրոցներ, իսկ որոշ դեպքերում դասերը կազմակերպվում են վարձակալված բնակելի տներում։

Մանրամասները տեսանյությում․

«Առանց դպրոցի գյուղ չկա»․ Փարվանայի բնակիչը դպրոցի առնչությամբ դիմում է Նինոծմինդայի ղեկավարներին

Նինոծմինդայի որոշ գյուղերի դպրոցներ շարունակում են փակ մնալ

Փոքր Խանչալիի դպրոցի շենքի փակման լուրերը պաշտոնապես չեն հաստատվում

Խնդիրները լուծվում են Փարվանայում, մնում է դպրոցը

Օրոջալարի դպրոցի վերանորոգման աշխատանքները վերսկսվել են

Ժդանովականի դպրոցի շենքը համապատասխանում է ընտրությունների համար․ ՇԸՀ

Դպրոցներում տեղյակ չեն, թե ինչ են անելու երբ սկսվի վերանորոգումը