Քամուց տուժած Թորիայի բնակիչները օգնություն կստանան թե՞ ոչ

Քամուց տուժած Թորիայի բնակիչները օգնություն կստանան թե՞ ոչ

Մարտի 20 -ի գիշերը` Թորիա գյուղում ուժեղ քամին քանդել է բնակիչների տների, անասնագոմերի, թոնրատների, եւ ավտոտնակների տանիքների թիթեղները:

Թորիա գյուղի բնակիչ Սասուն Անտոնյանը, ով նույնպես տուժել է ուժեղ քամուց մեզ հետ զրույցում ասաց.«Մարտի 20 -ի երեկոյան ուժեղ քամին քշեց մեր թոնրատան, անասնագոմի եւ ավտոտնակի կտուրի կես մասը: Մեր ներկայացուցչի հետ միասին դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան օգնություն ստանալու համար, որտեղից պատասխանեցին որ կօգնեն: Անցյալ տարի էի վերանորոգել, հիմա 7000-8000 լարիի վնաս է հասցրել քամին: Եթե մի քանի հատ թիթեղ լիներ իմ ուժերով կվերանորոգեի, բայց հիմա միայնակ անհնար է»:

Բնակիչներից Սարգիս Մալխասյանի խոսքով՝ 3 օր առաջ ուժգին քամին վնաս է հասցրել գյուղի բնակչության գրեթե 90 % -ին: Կան մարդիկ ովքեր մեծ վնաս են կրել, կան եւ չնչին վնասներ:

Թորիայի բնակիչ` Սլավիկ Մկրտչյանի տան կտուրի թվով 10 թիթեղներ քամին քանդել է: Նրա խոսքով՝ դեռեւս ոչ մի տեղ չի դիմել օգնության համար եւ ինքնուրույն է պատրաստվում կտուրը վերանորոգել:

Քամու հետեւանքով Թորիա գյուղում կտրվել են գիշերային լուսավորության էլեկտրահաղորդման լարերը:

«Սասուն Անտոնյանը շատ մեծ վնաս է կրել. դիմել ենք քաղաքապետարան որտեղից հայտնեցին, որ փոխհատուցում կտրվի, քանի որ նրանց կարգավիճակը համարվում է սոցիալապես անապահով, մնացած իրավիճակներում օգնել հնարավոր չէ, որովհետեւ Նինոծմինդայի մունիցիպալիտետում այդպիսի դեպքերը շատ -շատ են: Իսկ գիշերային լուսավորության հետ կապված նույնպես տեղեկացրել ենք, այսօր պետք է վերականգնվեր, սակայն ուժգին քամու պատճառով հետաձգվեց»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Թորիայի ներկայացուցիչ՝ Արտյոմ Պետրոսյանը:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Ուժեղ քամին մեծ վնաս է հասցրել Թորիայի բնակիչներին