Վրաստանի կրթության և գիտության նախարարության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ շուտով Թբիլիսիի դպրոցներում կբացվեն ուկրաինալեզու բաժիններ։
Տեղեկության համաձայն՝ ավարտին են մոտենում արդեն երկու շաբաթ ինտենսիվորեն ընթացող համապատասխան կազմակերպչական աշխատանքները։
Ըստ ԿԳՆ-ի՝ Վրաստանում Ուկրաինայի դեսպանատան հետ սերտ համագործակցությամբ բոլոր առարկաների դասավանդման համար ուսուցիչներ են ընտրվել։ Նրանց թվում կան ինչպես Ուկրաինայից վերջերս ժամանած մասնագետներ, այնպես էլ տեղացի ուկրաինախոս մասնագետներ։
Վրաստանի ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին ուսումնասիրել է դպրոցները և հանդիպում ունեցել ուկրաիներեն բաժինների ուսուցիչների հետ։ Ուկրաինացի երեխաների համար արդեն դասասենյակներ են հատկացվել և դասապլան է կազմվել։
«Այս ուսուցիչների վարձատրությունը տրամադրվում է Վրաստանի կառավարության կողմից՝ ազգային ուսումնական պլանի ժամային դրույքաչափին համապատասխան»,- ասված է ԿԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Չխենկելին ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկել է դասավանդման գործընթացի մանրամասները։ Իր հերթին ուկրաինացի ուսուցիչները շնորհակալություն են հայտնել վրացական կողմին, անձամբ վարչապետին և կրթության և գիտության նախարարին ուկրաինացի ժողովրդի աջակցության համար։ aliq.ge