NOR ռադիոկայանը նախկինում լուսաբանել էր, որ Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղից դեպի Թորիա եւ Ուչմանա տանող ճանապարհահատվածում կատարվել է հարթեցման եւ ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտապատվել է մոտ 4 կմ ճանապարհ, որը ձգվել է մինչեւ Թորիա եւ Ուչմանա գյուղերի սկիզբ:
Այս տարի արդեն մեկնարկել են կիսատ մնացած ասֆալտապատման աշխատանքները: Երկու միավոր ճանապարհաշինական ծանր տեխնիկան սկսել է հարթեցման աշխատանքները Թորիայի սկզբնամասից մինչեւ գյուղամեջ տանող ճանապարհին:
Վերոնշյալ հարցի շուրջ զրուցեցինք «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերության փոխտնօրեն Գեորգի Ինասարիձեի հետ:
«Թորիա գյուղի սկզբնամասից մինչեւ գյուղի կենտրոն տանող ճանապարհի վրա սկսել ենք հարթեցման աշխատանքները: Որտեղ մոտավորապես 1300մ երկարությամբ ճանապարհը պետք է ասֆալտապատվի, ինչպես նաեւ ասֆալտապատելու ենք դեպի Ուչմանա տանող 400մ երկարությամբ ճանապարհը: Մնացել է մի քանի մետր ասֆալտապատելու նաեւ Հեշտիա գյուղի կենտրոնական ճանապարհին: Այս տարի այդ բոլոր աշխատանքները կհասցնենք ավարտին»,- նշեց Գեորգի Ինասարիձեն:
Հիշեցնենք, որ վերոնշյալ գյուղեր տանող ճանապարհի ասֆալտապատման համար նախագիծը կազմված էր, որտեղ ընդհանուր գումարը կազմում էր 4 000 000 լարի: 2 275 000 լարիի չափով մրցույթը շահել էր «Ջավախավտոգզա» ճանապարհաշինրարական ընկերությունը:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.